Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայում սկսվել է նախկին ռազմական նավաստի Տեցույա Յամագամիի դատավարությունը, ով 2022 թվականի հուլիսին կրակել և սպանել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին: Դատարանի տվյալներով՝ դատավճիռը կկայանա 2026 թվականի հունվարի 21-ին:

Յամագամին դատարանում ընդունել է դիտավորությամբ կատարած սպանության մեղքը, հայտնում է ճապոնական հանրային հեռուստատեսությունը։ Առաջիկա ամիսներին կարող է մինչև 19 նիստ տեղի ունենալ։

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաշտպանող կողմը մտադիր է ընդունել նաև այլ մեղադրանքներ՝ կապված իրենց պաշտպանյալի կողմից հրազենի շրջանառությունը վերահսկող օրենքների խախտման հետ։ Միևնույն ժամանակ, փաստաբանները պնդելու են, որ նա կատարել է այդ արարքը «Միացյալ եկեղեցի» կրոնական կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի ճնշման ներքո։ Վերջինիս մայրը այս կազմակեպության մոլի հետևորդ է։

Նախկին ռազմական նավաստի Տեցուա Յամագամին 2022 թվականի հուլիսի 8-ին ինքնաշեն երկփողանի զենքով սպանել է նախկին վարչապետ Աբեին, ով ելույթ էր ունենում նախընտրական հանրահավաքում՝ Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Նարա քաղաքի փողոցներից մեկում։ Կրակողին հանցագործության վայրում բռնել է քաղաքական գործչի անվտանգության աշխատակազմը։ Հարցաքննությունների ժամանակ նա հայտարարել է, որ սպանել է նախկին վարչապետին՝ համոզված լինելով, որ նա կապեր է ունեցել «Միավորման եկեղեցու» հետ։ Յամագամիի մայրը այդ կառույցի մոլի կողմնակիցն է եղել, ով կազմակերպությանն էր նվիրաբերել իր ողջ կարողությունը և ընտանիքին հասցրել սնանկության։

Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ «Միավորման եկեղեցու» հետ կապեր են պահպանել ինչպես Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տարվա գարնանը Տոկիոյի դատարանը որոշել է լուծարել այդ կրոնական կազմակերպությունը։