Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»։
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ-դիմում էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
«Հարգելի տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- ասված է դիմումում։
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամանակով:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:





























