Ամերիկյան ոստիկանները զինվել են ռուսական «Սայգա-12» հրացաններով: Առաջին չափաբաժնի մատակարարումը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարին, հայտնել է «Իժմաշ» գործարանը: Գործարքի գումարը չի հրապարակվում:
Ամերիկյան ոստիկաններին ռուսական զենք մատակարարելու պայմանագիրն ստորագրվել էր Shot Show ցուցահանդեսի շրջանակներում, որը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում` այս տարվա հունվարի 17-20-ը:
Ըստ «Իժմաշ» գործարանի մամուլի ծառայության հաղորդման` Ամերիկայում հզոր եւ օգտագործման համար անվտանգ հրացանների պահանջարկ կա: «Սայգա-12»-ն իր մրցակիցներից տարբերվում է ավտոմատացման հուսալի գործունեությամբ եւ 100 մետր հեռավորությունից կրակելու բարձր ճշգրտությամբ, որով համեմատվում է Կալաշնիկով ինքնաձիգի հետ:
Փամփուշտակալի փոփոխության արագությունը, կիսաավտոմատ ռեժիմի վերալիցքավորումը, փամփուշտակալի բարձր հզորությունը «Սայգա-12»-ը դարձնում են քաղաքային պայմաններում կարգուկանոնի հաստատման ապահովման լավագույն զենքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Shot Show ցուցահանդեսի ընթացքում «Իժմաշը» ստորագրել է նաեւ ռուսական զենքի դեպի ԱՄՆ մատակարարումների եւ արտադրման մի շարք պայմանագրեր: Մասնավորապես, ԱՄՆ զենքի ներմուծմամբ զբաղվելու է Russian Weapon Company ընկերությունը, իսկ դասական մոդելների արտադրությամբ` Flime Group ընկերությունը:




























