ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական կարծիք չի կազմել Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով, Թրամփը վերջերս ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին է հայտնել իր կասկածները՝ կապված վենեսուելացի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ուժային սցենարի շուրջ։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը շարունակում է իր օգնականներից հետաքրքրվել հնարավոր ռազմական գործողության տարբերակներով։

Նշվել է, որ որոշում կայացնելու համար ժամկետ չի սահմանվել և Թրամփին առաջարկվել են մի շարք մոտեցումներ, այդ թվում՝ պատժամիջոցների խստացում և վենեսուելական նավթ ներմուծող երկրների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացում, ընդդիմության աջակցության մեծացում՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ավելացման հետ մեկտեղ, ինչպես նաև գաղտնի գործողությունների և ավիահարվածների իրականացում։

Վաշինգտոնը վենեսուելական իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ բավարար ակտիվ պայքար չտանելու մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, 10 հազար զինծառայող և միջազգային ջրերում ոչնչացնում են արագընթաց նավակներ՝ դրանցում գտնվող մարդկանց հետ միասին, որոնց անհիմն կերպով մեղադրում են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում կարող է անցնել վենեսուելական թմրակարտելների օբյեկտների ռմբակոծմանը։ Սակայն հոկտեմբերի 31-ին Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Վենեսուելայի տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է համապարփակ պաշտպանության պլանի ընդունման և Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի դեպքում զինված պայքարին անցնելու մասին։