ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել է վիճակագրական կոմիտեի տվյալները, թե որ վայրերն են ամենից շատ նախընտրել 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկները։
«Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջային օպերատորների / գործակալների կողմից կազմակերպված տուրերի շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների համար ամենապահանջվածը եղել է Գառնի-Գեղարդ ուղղությունը:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գառնու տաճար և Գեղարդի վանք այցելել է 16 537 միջազգային զբոսաշրջիկ:
Երկրորդ տեղում Դիլիջանն է՝ 9 480 մարդ, երրորդ տեղում երևանյան շրջայցերն են՝ 9 174 մարդ:
Ըստ այցելության վայրերի՝ առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Գառնի-Գեղարդ՝ 16 537 մարդ,
- Դիլիջան՝ 9 480 մարդ,
- Երևանյան շրջայցեր՝ 9 174 մարդ,
- Սևան՝ 8 931 մարդ,
- Էջմիածին-Զվարթնոց՝ 7 318 մարդ,
- Խոր Վիրապ՝ 7 287 մարդ,
- Արենի՝ 6 015 մարդ,
- Ծաղկաձոր՝ 5 412 մարդ,
- Նորավանք՝ 5 399 մարդ,
- Տաթև՝ 4 664 մարդ:
Ամենից քիչ թվով զբոսաշրջային այցելություններ արձանագրել են Օշականը (806 մարդ) և Ենոքավանը (452 մարդ):
Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն տուրօպերատորների կողմից կազմակերպված այցելություններին և ներառում է տարվա առաջին կեսը:
Դատողություններ անելու համար այս ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր է»,-գրել է նա։




























