Ուկրաինան ակնկալում է ամերիկյան արտադրողներից 27 Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ պատվիրել։ Այս մասին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում նոյեմբերի 9-ին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Բացի այդ, Զելենսկին ցանկանում է, որ եվրոպական երկրները նույնպես Ուկրաինային տրամադրեն իրենց մոտ եղած ՀՕՊ համակարգերը։ Այն հարցին, թե արդյոք ԵՄ երկրներն ու Մեծ Բրիտանիան բավարար աշխատանք են անում Ուկրաինային աջակցելու համար, նա հայտարարել է, որ «դա երբեք բավարար չի լինում»։
Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայում եվրոպական ներկայության հարցին պետք է զգուշությամբ մոտենալ՝ «գործընկերների կողմից ֆինանսական և ռազմական աջակցությունը» չկորցնելու համար։
Դեռևս ապրիլի կեսերին Զելենսկին հայտարարում էր, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ին 15 մլրդ դոլար վճարել՝ 10 Patriot զենիթահրթիռային համալիրների դիմաց, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել դրանք։ Միաժամանակ Զելենսկին հստակեցնում էր, որ Կիևը մտադիր է Վաշինգտոնից ՀՕՊ համակարգեր և այլ սպառազինություն գնել եվրոպացի գործընկերների հաշվին։ Հետագայում նա հանձնարարել էր ԱԳՆ-ին և ՊՆ-ին ակտիվացնել արևմտյան երկրների հետ կապերը՝ Կիևին ՀՕՊ համակարգերի փոխանցման և դրանց արտադրության տեղայնացման վերաբերյալ։





























