Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դրոնների և կործանիչների ներխուժումը Եվրոպայի օդային տարածք՝ Վլադիմիր Պուտինի կողմից իրականացվող ահաբեկման նպատակային քարոզարշավ է։ Զելենսկու հայտարարության համաձայն՝ դրա պատճառով եվրոպական առաջնորդներն ավելի քիչ պատրաստակամությամբ են ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա։
«Կարծում եմ՝ նա [Պուտինը] վախեցրել է նրանց, դա նրա նպատակն էր և նա հասավ դրան», - ասել է Ուկրաինայի նախագահը: «Դա, անկասկած, հոգեբանական ճնշում էր»:
Աշնան սկզբից ի վեր Եվրոպայի օդային տարածքում հայտնվում են անհայտ անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան հերքում է այս միջադեպերին իր մասնակցությունը։ Անօդաչու թռչող սարքերը հաճախ ժամանակավորապես փակում են եվրոպական օդանավակայանները։
Հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ համատեղ սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և որ Կիևին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ իր դաշնակիցներից՝ սառեցված ռուսական ակտիվների միջոցով։





























