Ուկրաինան գրեթե 6 միլիարդ եվրո վարկ կստանա՝ ERA վարկերի և Ukraine Facility ծրագրի շրջանակներում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդի հանձնառությունը՝ Ուկրաինայի ֆինանսական կարիքները հաջորդ երկու տարիներին՝ 2026 և 2027 թվականների ընթացքում բարելավելու համար», - հավելել է նա։
Ֆոն դեր Լեյենը թվարկել է երեք տարբերակ, թե ինչպես կարող է ԵՄ-ն կատարել այս պարտավորությունը: Առաջինը իր բյուջետային պահուստն օգտագործելն է՝ կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավելու համար: Երկրորդը՝ միջկառավարական համաձայնագրի հասնելը, որպեսզի ԵՄ անդամ պետությունները իրենք ներգրավեն անհրաժեշտ կապիտալը: Վերջապես, երրորդ տարբերակը «ռեպարացիոն վարկն» է սառեցված ռուսական ակտիվների դիմաց:
Երրորդ տարբերակը նախատեսում է, որ Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկերը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի Կիևին փոխհատուցումները: Ֆոն դեր Լեյենը նշել է, որ այս տարբերակն ամենաարդյունավետն է Ուկրաինայի պաշտպանության և տնտեսության աջակցության համար:
Բելգիան, որտեղ գտնվում է ռուսական ակտիվների մեծ մասը, դեմ է սառեցված ակտիվների օգտագործմանը: Երկրի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ ցանկանում է երաշխիքներ ստանալ այլ եվրոպական երկրներից՝ ռիսկերը կիսելու համար:
Եվրամիությունը նախատեսում է դեկտեմբերին կրկին քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։





























