44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել. ինքը ի սկզբանե էլ պիտի լիներ գաղտնի, այնտեղ դրած է, գնացեք կարդացեք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին, որն այդպես էլ ԱԺ–ում չքննարկվեց։
«Լսեք, ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյա պատերազմի մասին, որ վեց հատ այդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա, չի կարող հավաքել։ Բա մի հատ դուք էդ ասեք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը ուտելու ձեր նախաձեռնած քննիչ հանձնաժողովը ի՞նչ եղավ, բա դրա զեկույցը ու՞ր է, խի՞ մոռացվեց։
Մի տարի է, թե ավելի շատ, այս ամբիոնից ասում են՝ բա մեր օկուպացված տարածքները, բա Արծվաշենը, բա սա, բա նա։ Նախկինում ասել եմ՝ սահմանազատման արդյունքում պիտի լուծվի այդ հարցը։ Հիմա էլ ասել եմ՝ Արծվաշենն ու օկուպացիայի տակ գտնվող տարածքները պետք է մենք վերադարձնենք։ Հիմա էլ ասում են՝ ուրեմն ամեն ինչ տվեցին, վերադարձրին, կործանեցին, փլուզեցին։ Լսեք ամեն մեկդ գոնե թող խոսա այն բաներից, որից հասկանում է, էլի»,– ընդգծեց Փաշինյանը։





























