Մոսկվայում Կրեմլի դիմաց գտնվող շենքի վերնամասում մեկ ժամից ավելի փակցված է մնացել «Պուտին, հեռացիր» գրությունը, որից հետո ոստիկանությունը հանել է այն:
140 քմ մակերեսով կտավը կեսօրին փակցրել էին ընդդիմադիր ակտիվիստները: Ակցիայի մանրամասներն իր LiveJournal-ում հրապարակել է «Սոլիդարնոստ»-ի ղեկավարներից Իլյա Յաշինը: Ըստ նրա` ամբողջ ակցիան 20 րոպեից ավելի չի տեւել, որից հետո ակտիվիստները նստել են իրենց մեքենաները եւ հեռացել:
Նա բացատրել է, թե ինչու է հատկապես Կրեմլի դիմաց փակցվել հայտարարությունը, այլ ոչ թե Սպիտակ տան, որտեղ գտնվում է Պուտինի աշխատավայրը: «Պուտինը կար եւ մնում է Կրեմլի տերը: Եւ հենց նա է քաղաքական համակարգի կառուցողն ու գաղափարախոսը, որը երկրում ոչնչացնում է մրցակցությունը», - գրել է Յաշինը: «Մենք կարծում ենք, որ Մեդվեդեւը ինքնուրույն որոշումներ կայացնող մարմին չէ, այդ պատճառով էլ Պուտինի հեռանալու պահանջն ուղղված է Կրեմլին: Մեդվեդեւին մենք բլոգեր ենք համարում, այլ ոչ թե նախագահ», — ավելացրել է ընդդիմադիրը:
Բողոքող հայտարարության կտավը դեղին նյութից է եղել: Նրա վրա նկարված է եղել ՌԴ-ի կառավարության նախագահի ծաղրանկարը` խաչով ջնջած: Բանների անկյունում փակցված է եղել «Սոլիդարնոստի»-ի լոգոտիպը:
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2006 թվականի նոյեմբերին Յաշինը քաղաքական գործիչ Մարիա Գայդարի հետ Կրեմլի դիմաց Մեծ քարե կամուրջին փակցրել էին «Ժողովրդին վերադարձրեք ընտրությունները, սողուններ» հայտարարությունը:



























