Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում հրապարակված «անհեթեթություններն այն մասին», թե ինքը ամեն ինչ անում է, որ Հրազդանի քաղաքապետ դառնա Արամ Դանիելյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հերքեց տեղեկությունները, թե զանգահարում է Հայաստանի բոլոր նախարարներին, որպեսզի նրանք հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին` աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: «Ես իմ ծառայողական պարտականություններից դուրս` աշխատանքից հետո, որպես Հանրապետական կուսակցության տարածքային խորհրդի ղեկավար, օրենքի թույլատրած ձեւով աջակցում եմ եւ աջակցելու եմ մեր թեկնածուին` Արամ Դանիելյանին»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը` հավելելով, որ որեւէ անթույլատրելի բան իր կողմից չի արվում:

Ինչ վերաբերում է որպես մարզպետ իր ռեսուրսներն օգտագործելուն, նա նշեց, որ «եթե դրա կարիքը լիներ, կարող է գնային այդ քայլին», բայց դրա իմաստը չկա, որովհետեւ, մարզպետի խոսքով, ի տարբերություն Սասուն Միքայելյանի, Արամ Դանիելյանի հանդիպումները բազմամարդ են, ընտրազանգվածի մեծ մասը նրա համակիրներն են: «Եկեք տեսեք, այլապես Երեւանում նստած մուտիլովկեք պետք չի անել»,- ասաց Կոտայքի մարզպետը: Նա համոզված է, որ իրենց թեկնածուն կհաղթի, իսկ թե ձայների ինչ հարաբերակցությամբ, առայժմ չի կարող ասել:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր «մեթոդներով» ամեն ինչ անել, որպեսզի Հրազդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին: «Շահգալդյանը հիմա էլ «նստել է հեռախոսի վրա» եւ զանգահարում է Հայաստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե «թասիբի հարց» է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին` աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: Բացի այդ, բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգնում են Միքայելյանի շտաբի առջեւ, ցուցակագրվում են: Դրանից հետո տերերին հերթով որեւէ պատրվակով կանչում են ոստիկանության բաժանմունք եւ «աշխատանք տանում» նրանց հետ: Կովալը համագործակցում է նաեւ ոստիկանների հետ»,- գրել է թերթերից մեկը: