Սկզբում նշենք, որ անցած տարի, դրան նախորդող տարվա համեմատ, երկրում բնակարանների առուվաճառքը աճել է 5,1%-ով, ընդ որում` առավել բարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորի (41,4%), այնուհետեւ Արմավիրի (11,0%) մարզերում: Սակայն չպետք է խաբվել հարաբերական ցուցանիշներով: Գործարքների թիվը նշված մարզերում աննշան է, քանի որ երկրի ընդհանուր ցուցանիշում Վայոց ձորի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,6%, Արմավիրինը`3,5%:
Առուվաճառքի ծավալների առումով բացարձակ ռեկորդակիրը մայրաքաղաքն է: Այսպես, նախորդ տարվա տվյալներով` նման գործարքներում Երեւանի մասնաբաժինը կազմել է 68,7%, այսինքն` գործարքների երկու երրորդից ավելին: Տարվա ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է բնակարանների առուվաճառքի 9125 գործարք, այն դեպքում, երբ ամենամոտ` Կոտայքի մարզում ընդամենը 284 գործարք է կատարվել:
Այսպես, տարվա կտրվածքով երկրում անշարժ գույքի շուկայում «առաջընթաց» է գրանցվել: Բայց պատկերը փոխվում է, եթե առանձին դիտարկենք տարվա վերջին եռամսյակի ցուցանիշները: 2011թ. IV եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում բնակարանների առուվաճառքի քանակը կրճատվել է 176 միավորով կամ 4,9%-ով:
Այստեղ եւս ռեկորդակիրը մայրաքաղաքն է, որտեղ նշված ժամանակահատվածում բնակարանների առուվաճառքի քանակը կրճատվել է 183 միավորով (կամ 7,3%): Այս ցուցանիշը գերազանցում է հարապետության միջին ցուցանիշը, քանի որ բնակարանների առուվաճառքի գործարքների թիվն առանձին մարզերում որոշ չափով լրացրել է մայրաքաղաքի եւ այլ մարզերում առկա անկումը:
Վերոնշյալ տվյալները վկայում են տավա վերջին ամիսներին բնակարանների շուկայում որոշակի հետընթացի մասին: Մի կողմից, տվյալ փաստը ողջունելի է, քանի որ մեր համաքաղաքացիներից շատերի համար բնակավայրի փոփոխությունն այնքան էլ հաճելի բան չէ:
Այլ հարց կլիներ բնակարանների առաջնային շուկայում պահանջարկի ակտիվացումը: Սակայն ժամանակակից փուլում կառուցված Հյուսիսային պողոտայի օրինակն ապացուցում է գնորդների «սառը» վերաբերմունքը գերթանկարժեք բնակարանների նկատմամբ:
Բնակարանների գների շարունակական անկումը որոշակի չափով նպաստում է վաճառողների եւ գնորդների «սպասողական» մարտավարությանը: Խոսքն իհարկե այն քաղաքացիների մասին է, որոնք առանձնապես չեն շտապում բնակարան գնել կամ վաճառել:
Մայրաքաղաքում բնակարանների արժեքի միտումները հետեւյալն են. Միջին հաշվով նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 1քմ-ի արժեքը նվազել է 1,6 հազար դրամով: Մայրաքաղաքում միջին գնի վրա մեծ ազդեցություն է ունեցել «Կենտրոն» էլիտար թաղամասում բնակարանների գնի նվազումը, որտեղ այդ շրջանում 1քմ-ի արժեքը նվազել է 25,6 հազար դրամով:
Դա Երեւանի վարչական շրջանների ամենանկատելի անկումն էր: Այսպես, այդ նույն ժամանակահատվածում գնի առումով երկրորդ ամենաթանկ «Արաբկիր» վարչական շրջանում բնակարանների մակերեսի 1քմ-ի արժեքը, հակառակը, ավելացել է 4,5 հազար դրամով:
Այս տեղաշարժերը հանգեցրին «Կենտրոն» եւ «Արաբկիր» շրջանների միջեւ բնակարանների մակերեսի 1քմ-ի «մկրատի» կրճատմանը: Եթե նոյեմբերին տարբերությունը կազմում էր 116,7 հազար դրամ` հօգուտ էլիտար կենտրոնի, ապա դեկտեմբերին այն կրճատվել է 84,8 հազար դրամով:
Բնակարանների գներն ավելացել են «թանկ» (կենտրոնից հետո)` «Արաբկիր» եւ «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջաններում, ինչպես նաեւ քաղաքի ամենացածրադիր հատվածներում` «Մալաթիա-Սեբաստիա», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» վարչական շրջաններում: Կարելի է եզրակացնել, որ ունեւոր գնորդների պահանջարկը մայրաքաղաքի «գերթանկարժեք» կենտրոնից հետեւողականորեն տեղափոխվում է քաղաքի այլ, ավելի մատչելի վարչական շրջաններ, որոնք եւս գրավիչ են նման գնորդների համար:
Ավելի սուղ հնարավորությունների տեր քաղաքացիներին գրավում են «էժանագին» ծայրամասերը, որտեղ գներն աչքի են ընկնում ցածր, անգամ գերցածր մակարդակով (հիմնականում «Նուբարաշեն» վարչական շրջանում): Գնորդական պահանջարկի աճը, բնականաբար, հանգեցրել է այդ շրջաններում բնակարանների շուկայական գների ավելացմանը: Նշենք, որ Երեւանում գնային տարբերությունները զգալի են:
Այսպես, նախորդ տարվա դեկտեմբերին «Կենտրոն» թաղամասում բնակարանների մակերեսի 1քմ-ի արժեքը 170 հազ. դրամով գերազանցում էր քաղաքային միջին ցուցանիշը (256,4 հազ. դրամ), միեւնույն ժամանակ «Նուբարաշեն» ծայրամասում տարբերությունը մինուս նշանով էր` 109 հազ. դրամի չափով:
Շարունակելով մայրաքաղաքային բնակարանների ստանդարտ` 63,1քմ-ի համար հաշվարկելու ավանդույթը` ներկայացնենք դեկտեմբեր ամսվա վերջին տվյալները:
«Կենտրոն» թաղամասում գները առավել բարձր են միջին եւ ցածրահարկ շենքերի բնակարանների դեպքում: Դա զարմանալի չէ, քանի որ «էլիտար» բնակարանի արժեքը դեկտեմբերին կազմել էր 26,9 մլն դրամ (71,2 հազ. դոլարին համարժեք): Թանկության տեսանկյունից երկրորդ վարչական շրջանում` Արաբկիրում, արժեքները շատ ավելի ցածր են` 21,4 մլն դրամ:
Այնուհետեւ գները տատանվում են 14,2 մլն դրամից (37,0 հազ. դոլար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) մինչեւ 16,7 մլն դրամ (43,6 հազ. դոլար, Քանաքեռ-Զեյթուն): Կարելի է առանձնացնել Երեւանի համար «գերէժան» «Նուբարաշեն» ծայրամասը: Այստեղ ստանդարտ մակերեսով բնակարանն արժե 9,3 մլն դրամ (24,2 հազ. դոլար):
Ալբերտ Խաչատրյան




























