Հայաստանում, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 24 ամսից մինչև 18 ամիս։ Այս մասին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Օրենքի փոփոխությունը նախատեսում է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում՝ պայմանավորված պայմանագրային զինծառայողների թվի ավելացմամբ։ «Վերջին տարիներին ձեռնարկվում են ակտիվ քայլեր պայմանագրային ծառայության ընդլայնման ուղղությամբ։ Կարելի է հիշատակել «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, մասնագիտական սերժանտական կազմի ներդրումը, զինծառայողների ատեստավորման համակարգը, ինչպես նաև պայմանագրային ծառայության կազմակերպման գործընթացը՝ սահմանամերձ զորամասերում վաղաժամկետ զինվորական կենսաթոշակի պահպանմամբ», — նշել է Պապիկյանը։
Կառավարությունը նպատակահարմար է համարել շարքային կազմի համար պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատել 6 ամսով՝ սահմանելով նոր ժամկետ՝ 18 ամիս։ Նոր փոփոխությունների ընդունմամբ կանխատեսվում է նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերի նվազում 2027 թվականի երկրորդ կեսից, քանի որ 2025-ի ձմեռային զորակոչի շրջանակում սկսվող 18-ամսյա ծառայությունը կավարտվի 2027-ի հուլիսին։
Փոփոխությունը կապվում է նաև մի շարք ռազմավարական փաստաթղթերի՝ «Հայաստանի ռազմավարական վերափոխում 2050» ծրագրի և կառավարության 2021–2026 թվականների ծրագրի հետ։
Ըստ Պապիկյանի, Զինված ուժերի թվաքանակը ավելացել է մոտ 4,2 հազար զինծառայողով՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում երկարաձգված ծառայության շնորհիվ։ Վերջին տարում ծրագրի մասնակիցների թիվը աճել է մոտ հազարով։
Նախարարը նաև նշել է, որ որոշ զորամասերում ժամկետայինները հնարավորություն են ստացել զբաղվել ոչ թե մարտական հերթապահությամբ, այլ պատրաստությամբ։
Նա հիշեցրել է, որ զինծառայողների արձակուրդների ժամկետը երկարացվել է․ նախկինում շարքայինների համար այն կազմում էր 10 օր, սերժանտների համար՝ 15, իսկ այժմ մարտական հերթապահության մեջ գտնվողների համար սահմանվել է 30 օր, մյուսների համար՝ 21 օր, բացի խրախուսական արձակուրդներից։
2025 թվականին հավաքների համար զորակոչվել է 16 հազար պահեստազորային։ 2026-ից սկսած նախատեսվում է տարեկան զորակոչել 20 հազար պահեստազորային։
Սկզբում ծառայության ժամկետի կրճատման նախագիծը նախատեսվում էր իրականացնել 2026-ի ամռանը, սակայն հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունը ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1-ից։
Ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այս նախագիծը վաղաժամ է և կարող է խնդիրներ առաջացնել անձնակազմի համալրման հարցում։
Պապիկյանը պատասխանել է․ «Այն, որ բանակը իբր կրճատվում է, իրականության հետ որևէ կապ չունի։ Մեկուկես տարի անց մենք նույն թվով մարդկանց կզորակոչենք, պարզապես նրանք կծառայեն մեկուկես տարի, ոչ թե երկու»։
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ նախագիծը նախընտրական քայլ է։ Նա ընդգծել է, որ պայմանագրային զինծառայողների և սահմանապահների հիմնական աշխատավարձերը պետք է ավելի բարձր լինեն, քան, օրինակ, պարեկներինը։
Քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։




























