Իրանի գյուղատնտեսության նախարար Գոլամռեզա Նուրի-Գեզելյեն շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը հարեւան Թուրքիայի հետ Չալուս քաղաքում (Մազենդերանի նահանգ) անտառային հրդեհի մարման հարցում համագործակցելու համար, տեղեկացրել է Mehr-ը։
Այս մասին նա հայտել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ հանդիպման ժամանակ՝ «Zero Waste Forum» միջազգային հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թուրքիայում։
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ կապերի եւ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման մասին։ Բարձր գնահատելով Թուրքիայի համագործակցությունը հրդեհների դեմ պայքարում երկրի հյուսիսային անտառներում՝ Նուրի-Գեզելյեն այդ քայլն անվանել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ սերտ հարաբերությունների եւ կառուցողական համագործակցության վառ օրինակ։
Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է երկու երկրների միջեւ փոխադարձ համագործակցության մասին։
«Հաշվի առնելով երկու նախարարությունների միջեւ համատեղ հարցերի լայն շրջանակը՝ ինչպես երբեք նախկինում անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը պարենային անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտներում»,- ասել է նա։
Ընդգծելով փորձի փոխանակման կարեւորությունը գյուղատնտեսության, երաշտի դեմ պայքարի, անասնապահության, ջրային ռեսուրսների կառավարման եւ գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտներում՝ Նուրի-Գեզելյեն նշել է, որ Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ համատեղ համագործակցության համապատասխան ոլորտում։
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը, իր հերթին, հայտնել է, որ պարենային անվտանգությունը եւ ջրային ռեսուրսների արտադրողականության բարձրացումը երկու խնդիրներ են, որոնք լուրջ ազդեցություն են ունենում երկրների, հատկապես Իրանի եւ Թուրքիայի տնտեսական կայունության եւ զարգացման գործընթացի վրա։
Իբրահիմ Յումաքլըն ավելացրել է, որ Իրանը եւ Թուրքիան բախվում են զգալի մարտահրավերների եւ մտահոգված են այդ խնդիրների հետեւանքներից եւ այդ առումով պետք է լրջորեն համագործակցեն։





























