ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը հիշեցնում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների` տեղի կազմակերպությունների կողմից անցկացվող մոնիտորինգի արդյունքները չեն կարող ներկայացվել ԵԱՀԿ-ի անունից:

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մամուլի ծառայության մեկնաբանության մեջ նշվում է, որ ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կաջակցի տեղի կազմակերպությունների կողմից ընտրությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների մոնիտորինգի անցկացմանը:

«Սակայն չպետք է մոնիտորինգի արդյունքները կապել ԵԱՀԿ գրասենյակի հետ: Ոչ մի դեպքում մոնիտորինգի արդյունքները չպետք է ներկայացվեն ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի անունից: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը պատրաստ է աջակցել հայաստանյան ՀԿ-ների հնարավորությունների բարձրացմանը մոնիտորինգի անցմացման եւ ժողովրդավարական գործընթացներին ներդրում ունենալու հարցերում:

Այդ համատեքստում գրասենյակը գործում է իր մանդատի շրջանակներում, որը տարբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մանդատից, որը հնարավորություն ունի միջազգային դիտորդների առաքելություն ուղարկի ընտրություններից առաջ եւ հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Հայկական ժամանակի» «Հայկական եթերը մոնիտորինգի տակ է» հոդվածում նշվում է, որ ԵԱՀԿ-ն առաջիկայում մրցույթ կհայտարարի այն հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ անունից դիտորդական առաքելություն կիրականացնեն: