Թերթը գրում է, որ մինչ կոալիցիոն եռյակի մաս կազմող երկու կուսակցություններում բուռն քննարկումներ են ընթանում նախընտրական ցուցակները գլխավորողների շուրջ, եռյակում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ցուցակի առաջին երեք հորիզոնականների հարցը կարելի է փակված համարել: «Մեր տեղեկություններով` ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, նրան կհաջորդեն վարչապետն ու Աժ նախագահը: Ասել է` ՀՀԿ-ն առաջնորդվելու է դասական սկզբունքով` ներկայանալի ցուցակ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող երեք առանցքային դեմքերով: Այս կազմի առնչությամբ, անշուշտ, դժգոհություններ կան. բա շտա՞բը` յուր պետով: Ասում են, Հովիկ Արգամիչին մխիթարել են առաջին հնգյակում ամրագրելու հեռանկարով: Չնայած ցուցակը պաշտոնապես չի հրապարակվելու մինչև ՀՀԿ համագումար, սակայն հստակեցումների շրջանն սկսվել է: Միայն թե մեծ կռիվը դեռ առջևում է, երբ, այսպես կոչված, ՀՀԿ «թեւերի» պարագլուխներն իրենց մարդկանց անցողիկ տեղերում «ամրագրելու» խնդիր կունենան»,- գրում է «Իրատես de facto»-ն: