Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը նկարահանել է ռեպորտաժ Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի մասին։ Թաղամասի վերաբերյալ ռեպորտաժ նկարահանող խումբը ռեպորտաժի հիմնական բանախոս է ընտրել հայազգի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանին, ով ծնվել է Սիրիայում, բայց բնակվում է Բեյրութում։

Բեզջյանը հարցազրույցում նշել է, որ Բուրջ Համուդում է «վերածնվել հայկական մշակույթը եւ հայ հայրենասիրությունը»։

Ռեժիսորը զբոսնել է իր թաղամասի լավագույն վայրերով, ցույց տվել հայկական ռեստորանը, գրախանութը, պատկերասրահը, թաղամասի հայկական եկեղեցին, ինչպես նաեւ հայկական  ռադիոկայանը։

Տեղեկացնենք, որ Բուրջ Համուդ թաղամասը ձեւավորվել է 1930-ականներին, որի առաջին բնակիչները 1915 թ. ցեղասպանությունից փրկված հայերն էին։