Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, եւ եթե նոր կոալիցիոն հուշագրի անհրաժեշտություն առաջանա, այդ մասին կհայտարարվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչ դրույթներ կարող են սահմանվել հուշագրում, զրուցակիցը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ դեռեւս նոր հուշագիր գոյություն չունի, իսկ գործողն արդեն ստորագրված է: «Հուշագիրը ողջ ծավալով իրականացնում է իր գործառույթը, կառավարող կոալիցիան համախմբված է նախագահի շուրջ եւ աշխատում է միասնաբար: Եթե նոր հուշագրի անհրաժեշտության առաջանա, իսկ հետո ինքը` հուշագիրը, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի այն քննարկել»,-նշեց նա:
Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես դժվարացավ պատասխանել նոր հուշագրի մասին հարցին. «Այդ մասին ես ոչինչ չգիտեմ: Դժվար է մեկնաբանել եւ կանխատեսումներ անել մի բանի մասին, որի վերաբերյալ նվազագույն պատկերացում իսկ չունես»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է կոալիցիոն երրորդ ուժին` «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը NEWS.am-ին ասաց, որ նոր հուշագրի կազմումը տրամաբանական կլինի: «Առջեւում ընտրություններ են, սկզբում` խորհրդարանական, հետո ` նախագահական: Կարծում եմ` տրամաբանական կլինի, եթե կոալիցիոն գործընկերներն ամփոփեն անցած ճանպարհը եւ նախանշեն հետագա ուղին»,- ընդգծեց զրուցակիցը:
Միաժամանակ Բիշարյանը դժվարացավ այդ մասին ինչ-որ հստակ բան ասել: «Առայժմ հուշագիր չկա, հետեւաբար, նրա բովանդակության մասին էլ որեւէ բան հնարավոր չէ ասել»,-նշեց նա:




























