Տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում փոխվում է մոլիբդենի դերը՝ այն դարձել է բարձրարժեք ռազմավարական նշանակություն ունեցող մետաղ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր աշխարհում մոլիբդենը պահանջվում է՝
- պաշտպանական արդյունաբերությունում,
- էներգետիկ անցման տեխնոլոգիաներում,
- կիսահաղորդչերի բարձր ջերմաստիճանի բաղադրիչներում։
Արդյունքում՝
- Կանադան և Ավստրալիան այն ներառել են Critical Minerals ցանկում,
- ԵՄ-ն այն դիտարկում է որպես ռազմավարական մետաղ արդյունաբերական անվտանգության համար,
- ԱՄՆ-ը առաջնահերթ կարևորում է այն պաշտպանական և էներգետիկ տեխնոլոգիաներում։
Գլոբալ պահանջարկը տեղափոխվել է հումքից դեպի մաքուր մետաղ, մետաղային փոշիներ և առաջադեմ համաձուլվածքներ։
Հայաստանի մրցակցային առավելությունը
Հայաստանը այս շղթայում ունի մի շարք իրական ուժեղ կողմեր․
- տեղական և կայուն Mo խտանյութի մատակարարում,
- գործող վերամշակման ենթակառուցվածք և մասնագիտական փորձ,
- միջազգային մակարդակի ինժեներներ՝ մրցունակ ծախսերով,
- թափանցիկ ու կանխատեսելի բիզնես միջավայր՝ համարժեք արևմտյան շուկաներին,
- աշխարհագրական կապեր ԵՄ և տարածաշրջանի արդյունաբերական կենտրոնների հետ։
Արժեքի ստեղծման նոր տրամաբանություն
Մոլիբդենի շղթան՝ MoO₃ → մետաղ → փոշիներ → TZM / MHC համաձուլվածքներ,
կարող է ստեղծել 4–20 անգամ ավելի մեծ արժեք, քան հումքի ուղղակի արտահանումը։
Ներկա զարգացումները վերամշակման, բարձր տեխնոլոգիական նյութագիտության և արդյունաբերական ընդլայնման հնարավորություն են՝ որտեղ Հայաստանը կարող է ձևավորել իր տեղը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և գլոբալ տեխնոլոգիական շղթաների մեջ։



























