Այսօր Հայաստանում առաքելական եկեղեցին տոնում է Սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի` Երիտասարդության օրհնության  օրը:

Հայաստանում զորավար սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական արարողակարգերով, այլեւ ազգային սովորույթներով, որը մեր անբաժանելի մասն է: Զորավար Սուրբ Սարգիսը երիտասարդների ավետաբերն է, նրա օգնությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ նա փոխանցի իրենց աղոթքներն Աստծուն: Սուրբ Սարգիսը սիրո երազն իրականացնող սուրբ է: Սրբի մասին շատ ավանդապատումներ կան:
Գոյություն ունի ազգային ավանդույթ: Սուրբ Սարգսի նախօրեին գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որից հետո չի կարելի որինչ ուտել եւ խմել:  Ըստ ավանդության` երազում երիտասարդները կտեսնեն իրենց ճակատագիրը` հարսին կամ փեսային:

Եւս մեկ սովորույթ կա. Ալյուրով սկուտեղը դնում են տանիքին կամ պատշգամբին եւ սպասում, որ զորավար սուրբ Սարգիսը նրա վրա դնի իր ձիու սմբակի հետքը: Ըստ ավանդության` Սուրբ Սարգիսը հրեշտակների հետ թռնելու է տան մոտով: Եւ եթե սկուտեղի վրա մնում է հետք, ապա այդ տարի կիրականանա սիրահարված երիտասարդ աղջկա կամ տղայի երազանքը:

Զորավար սուրբ Սարգիսն իր որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի:

Երբ Յուլիան Կրոնափոխի (360-363)  ժամանակներում սկսվել են քրիստոնյաների հալածանքները, Ս. Սարգսին է հայտնվել Աստված եւ հրամայել լքել կայսրության սահմանները: Իր որդի Մարտիրոսի հետ Ս. Սարգիսն ապաստան է գտել Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Տրդատ Մեծի թոռը, Խոսրովի որդին: Լուր ստանալով այն մասին, որ Հուլիանը մեծ զորաբանակով շարժվում է Պարսկաստանի վրա, եւ խուսափելով իր երկիր այդ բանակի ներխուժելուց, հայոց արքան համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շահ Շապուհը Սարգսին սիրով է ընդունել եւ նրան նշանակել զորահրամանատար: Շատ զինվորներ, տեսնելով նրա բարոյական կյանքը, նվիրվածությունն Աստծուն, նրա աղոթքներով կատարված հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քիստոնյաներ: Սակայն Շապուհը պահանջում է, որ սուրբը դառնա կրակապաշտ  եւ հեթանոսական զոհաբերություններ կատարի: Սարգիսը կտրականապես հրաժարվում է` հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն իսկական Աստծուն, Սուրբ Երրորդությանը, որն ստեղծել է Երկինքն ու Երկիրը: Իսկ կրակն ու կուռքերն աստվածներ չեն, քանի որ մարդը կարող է նրանք ոչնչացնել»: Այս ասելով` Ս. Սարգիսը կոտրել է արձանը: Գազազած ամբոխը հարձակվել է Սարգսի  եւ նրա տղայի վրա: Եվ առաջինը նահատակի պսակն է ընդունում նրա որդին: Ս. Սարգիսը բանտարկվում է, սակայն, անսասան մնալով իր հավատի մեջ` շուտով գլխատվում է: Նրա մահվանից հետո նրա մարմնի վրա լուսապսակ է հայտնվում: Քրիստոնեական հավատի համար զոհվում են նաեւ նրան հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալ մարդիկ նրանց մարմինները թաղել են Ամին քաղաքում:

Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է: Պատահական չէ  Ս. Մեսրոպ Մաշտոցը  Ս. Սարգսի մնացորդները տեղափոխել Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում նրա անվամբ  եկեղեցի է կառուցվել:

 Ըստ հայկական հնագույն ավանդության` երբ Ս. Սարգսի գլխավորությամբ իր խումբը տուն է  վերադարձել թշնամիներին հաղթելուց հետո, նրանց հրավիրել են արքայական պալատ` դա նշելու: Հոգնած զինվորականները կուշտ կերել են, եւ մեծ քանակությամբ հայկական գինի խմել: Ընթրիքից հետո զինվորները գնացել են քնելու, իսկ կրոնափոխ կայսրը, որն ատել է քրիստոնյաներին, հրամայել է 40 երիտասարդ աղջիկների քնի մեջ սպանել զինվորականներին: Նրանք բոլորը կատարել են արքայի հրամանը, բացի մեկից: Պատանու գեղեցկությամբ գերված աղջիկը համբուրել է Սարգսին եւ նա արթնացել է:

Տեսնելով, որ կայսրը դավաճանել է իր իսկ զինվորներին, զորավարը հեծնել է ձին եւ իր հետ վերցնելով աղջկան` դուրս արշավել քաղաքից: Այդպես սերը փրկել է կյանքը: Եւ այդ պատճառով էլ Հայաստանում Ս. Սարգիսը հարգվում է որպես բոլոր սիրահարների հովանավոր:

Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հատարարվել է որպես Երիտասարդների օրհնության օր: