Հայաստանի ոստիկանական համակարգը ղեկավարում է հոգեբանական եւ հոգեկան անհավասակշիռ վիճակում գտնվող մարդը: Այդ մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ հունվարի 13-ին տեղի ունեցած «վրաերթից» հետո իրենք կապվել են ոստիկանության հետ, որտեղ ասել են, թե տուժողը ծայրահեղ ծանր վիճակում է եւ նրա կյանքը մազից է կախված: Թերթի թղթակից Անի Գեւորգյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանդիպել է Ֆրանգուլյանին եւ պարզել, որ նրա վիճակը բոլորովին էլ վատ չէ:
Մասնավորապես, հիվանդանոցում ասել են, թե տուժողը գլխուղեղի ցնցում է ստացել, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ բացի ուղեղի ցնցումից նա նաեւ մասնակի կոտրվածք եւ քունքի վնասվածք է ստացել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել է Հայկ Գեւորգյանի գործով որպես տուժող անցնող Աշոտ Ֆրանգուլյանի հետ օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի հարցազրույցից հատվածներ, որոնք հակասում են Հայաստանի ոստիկանության հայտարարություններին:
Մասնավորապես, ձայնագրություններից մեկում Ֆրանգուլյանն ասել է. «Չեմ ասում, թե ուժեղ է խփել, աջ կողմի շիթը կպավ»: Փաշինյանի, խոսքով, «Նիվա» մեքենայի շիթը առնվազն կես մետր բարձր է ոտքի պճեղից եւ պճեղի ոչ լրիվ կոտրվածք չէր կարող լինել: Ավելին, ձայնագրության մեջ «տուժողն» ինքն էլ հաստատում է որ որեւէ կոտրվածք չի ստացել, ոչ էլ անգամ կապտուկ, ընդամենը ցավ է եղել: «Տուժողի» հետ ձայնագրությամբ նաեւ ապացուցվում է մեկ այլ պնդման սնանկությունը, թե Հայկը մի քանի անգամ է հարվածել մեքենայով: «Աշոտ Ֆրանգուլյանն ունի միայն ուղեղի ցնցում, այն էլ ինքն է իր գլխով ծփել պատին: Վաղն էլ կարող է Վովա գասպարյանը իր գլուխը խփի պատին, Հայկին էլ էլի մեղադրելո՞ւ»,- նկատեց Փաշինյանը:
Ֆրանգուլյանի խոսքից պարզ է դառնում, որ նա լավ էլ տեղյակ է եղել, թե ով է Հայկ Գեւորգյանը. «Ինչ ասել են, որ այդ մարդը լրագրող է»,- դեռ մի քանի շաբաթ առաջ ասել էր Ֆրանգուլյանը:
«Հայկական ժամանակի» խմբագիրի տարակուսանքն է հարուցել այն, որ «Հայաստանի ոստիկանության եւ նրա պետի համար քր.դատ..օր.-ին հղում անելը քրեադատավարական ճղճղոց է համարվում»: «Եթե մեջբերում ես ոստիկանապետի համար որեւէ դրույթ եւ այն ձեռք չի տալիս իրենց, ուրեմն դա ճղճղոց են որակում»,- նշեց Փաշինյանը` նշելով, որ Հայկ Գեւորգյանը չի ներկայացել քննիչի պահանջով, քանի որ ծանուցագիրը պատշաճ լրացված չի եղել, քանի որ եթե «մենք ենք մարդկանց խորհուրդ տալիս պաշտպանել իրենց իրավունքները, ապա տարօրինակ կլիներ, որ քննիչից օրենքով սահմանված պատշաճ ծանուցագիր չպահանջեինք»;
Նիկոլ Փաշինյանին նաեւ մտահոգում են առաջիկա զարգացումները, «երբ Հայաստանի ոստիկանական կառույցը ղեկավարում է հոգեբանական եւ հոգեկան անհավասակշիռ վիճակում գտնվող մարդը»: «Եթե հիմա փորձում են լռեցնել ընդամենը մի քանի փոքրիկ կոռուպցիոն դրվագ բացահայտելու համար, ապա պատկերացրեք, թե ինչ է մեզ բոլորիս սպասվում ապագայում»:
Իսկ վերջում էլ, խոսելով ոստիկանական տեսանյութում արված այն պնդմանը, թե որոշ մարդիկ ոստիկանությանը հայհոյելով, փորձում են բարձրացնել իրենց մեռած վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ինչքան ցածր է ոստիկանության հեղինակությունը, որ անգամ մեռած վարկանիշ կարելի է բարձրացնել նրան հայհոյելով»:




























