ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ  արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36  ֆիլմերը ( 3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար):  Քվեարկությունը տեղի է ունեցել  նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

Հիշեցնենք, որ  մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում:

Մասնավորապես «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  20 հայտից  երեք հավակնորդներն են ռեժիսորներ  Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ  Վիգեն Չալդրանյանի համապատասխանաբար «Որտեղ էիր, մարդ Աստծո»,   «Ժանո»  եւ  «Ձայն  բարբառո…» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում  հավակնորդներ դարձան ռեժ. Հարություն Խաչատրայանը`  «Սահման»,  ռեժ. Դմիտրի Կեսայանցը`  «Անիծվածները»  եւ  ռեժ. Վիգեն Չալդրանյանը`  «Ձայն Բարբառո…» ֆիլմերիհամար:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվեց Աննա Էլբակյանը, Անահիտ Հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը` համպատասխանաբար «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ուրախ ավտոբուս» եւ «Քրմուհին» ֆիլմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը  համապատասխանաբար «Ժանո» , «Ընկեր Փանջունի» եւ «Երեւան, ջան» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվեցին Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Վահե Գեւորգյանցի «Մեծ տոն» եւ Արման Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժուրին ընտրել է Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» եւ Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվել ե Դավիթ Սահակյանի «Հայրեններ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» եւ Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:

Ընտրվել են նաեւ  մյուս` «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերի հավակնորդները:

Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12  լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում եւ  հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: