Հայաստանում մարդկանց օրգանները առք ու վաճառքի առարկա չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով  հանձնաժողովի նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` օրգանների   փոխպատվաստման  երկու  տարբերակ կա. մարդը  կենդանության օրոք կամ պետք է իր  համաձայնությունը տա  դոնոր  լինելու  համար,  կամ կարող է չհամաձայնել:  Եթե նա չի հրաժարվել, ապա համարվում է դոնոր, սակայն մահացածի օրգանները օգտագործելու համար անհրաժեշտ է ստանալ նրա հարազատների թույլտվությունը: Մեկ բան եւս` դիմող հիվանդը ինքը պետք է գտնի իր դոնորին: «Ամեն մարդ կարող է դոնոր լինել, բայց «Մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքով առքուվաճառք չպետք է լինի, չպետք է բռնությամբ, պաշտոնական կախվածությամբ լինի, պետք է լինի բարոյական հիմքի վրա: Եթե չի լինում նոտարով հաստատված նման մի փաստաթուղթ, մենք նույնիսկ չենք սկսում հետազոտությունը»,- ասաց Արա Բաբլոյանը` հավելելով, որ մինչեւ նոտարը միայն սկզբնական հետազոտությունն են անում` ստուգելու արյան խումբը, թե տվյալ անձը կարող է պոտենցիալ դոնոր լինել մյուս քաղաքացու համար, թե՝ ոչ:  Եթե դա համապատասխանում է, ապա դրանից հետո ռեցիպիենտ (ընդունող մարդը) եւ դոնորը (օրգանը տվող մարդը) նոտարի մոտ ստորագրում են մի փաստաթուղթ, որ հաստատում է, որ առանց բռնի ուժի, պաշտոնական կախվածության, առանց գումարի իր կամքով տալիս է իր երիկամը: Դրանից հետո միայն սկսում են բուն հետազոտությունը, ապա վիրահատությունը: Ըստ որում` օրգանը  մեկ այլ մարդու պատվաստելուց առաջ միաժամանակ պետք է ստուգվեն մի քանի հիվանդություններ,  որպեսզի  հիվանդությունը օրգանի հետ միասին չփոխանցվի պատվաստվողին, մասնավորապես` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ, հեպատիտ A, B եւ մի շարք այլ վարակներ, ինչպես նաեւ դոնորի առողջական վիճակը, մասնավորապես այն, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե նրանից մեկ օրգան վերցնեն:

Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանյան բժիշկներն այսօր ի վիճակի են կատարել ենթաստամոքսային գեղձի, թոքերի, լյարդի, երիկամների եւ այլ օրգանների  փոխպատվաստում, սակայն, ցավոք, առայժմ մեր երկրում իրականացվում է միայն երիկամների փոխպատվաստում, քանի որ մեզանում ընդունված չէ մահացած մարդու օրգանները վերցնել պատվաստել մեկ այլ մարդու: «Որովհետեւ այդ օրգաններից մի հատ է, եւ եթե մահացածից օրգաններ վերցնելու պրակտիկան չզարգանա, ուրեմն այդ հիվանդ մարդիկ փրկություն չունեն, պետք է իրենց փրկությունը այլ երկրում գտնեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արտերկրից օրգաններ բերելուն, ապա ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը Սանկտ-Պետերբուրգից օրգաններ էր բերում, իսկ անկախությունից հետո Ռուսաստանը արգելեց օրգանների «արտահանումը», բայց սա դեռ չի նշանակում, որ այլեւս հնարավոր չէ նման բան անել. «Նախեւառաջ պետք է Հայաստանը կարողանա իր երկրի մեջ ծրագիր մշակել` մահացած մարդուց օրգան վերցնելու համար, որպեսզի հետո ինքը նմանատիպ երկրի հետ պայմանագիր կնքի: Այսինքն, պայմանգիր է պետք, բայց, քանի որ մեր երկրում դեռ մահացած մարդու օրգանը վերցնելու հարցը առաջ չի գնացել, որեւիցե երկիր մեզ հետ պայմանագիր չի կնքի, այդ իսկ պատճառով էլ առայժմ դրսից չենք կարող օրգան բերել»,-ասաց Արա Բաբլոյանը: Իսկ թե ինչու մեզանում օրենքի առկայության պարագայում առաջընթաց չի եղել մահացածից օրգաններ վերցնելու հարցում, ապա Արա Բաբլոյանի կարծիքով` դա շատ բարդ խնդիր է եւ ժամանակ է պահանջում: Դրա լուծումը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով հանձնաժողովի նախագահը տեսնում է նրանում, որ բոլոր կազմակերպությունները, մասնավորապես` վերակենդանացման բաժանմունքներ ունեցող հիվանդանոցները համաձայնության գան, որ իրենք ուզում են օգնել եւ փրկել մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ եթե մարդու մոտ արձանագրվել է ուղեղային մահ, ապա նրանք պետք է դիմեն հարազատին` մահացողի օրգանները վերցնելու համար:«Այդ պրոցեսը դժվար եւ պատասխանատու գործ է, քայլ առ քայլ պետք է առաջ գնալ, պետք է պայքարեն նրանք, ովքեր ցանկանում են լյարդ, ենթաստամոքային գեղձ պատվաստել»,- ասաց Արա Բաբլոյանը:

Հայաստանում երկրում երիկամի փոխպատվաստման առաջին փորձերն իրականացվել են դեռեւսխորհրդային տարիներին` ռուս վիրաբույժների կողմից: Երիկամների փոխպատվաստմ անհրաժեշտությունը մեծացել է երկրաշարժի ժամանակ: Հայաստանում 1991թ մայիսին Արա Բաբլոյանի կողմից իրականացվել է ազգությամբ ռուս երեխայի երիկամի փոխպատվաստման առաջին վիրահատությունը, որից հետո մինչեւ այսօր  մեր երկրում շուրջ 120 երիկամ են պատվաստել: Այսօր Հայաստանում երիկամի պատվաստում, Արա Բաբլոյանի խոսքով, կատարվում է միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Եթե ամենամեծ պահանջարկ ունեցող օրգանի` երիկամի փոխպատվաստումը Եվրոպայում արժե 60-80 հազար եվրո, ԱՄՆ-ում` 140 հազար, ապա Հայաստանում` շուրջ 15 հազար եվրո: Ըստ որում` մեր երկրում պետությունը նպաստում է  պատվաստումների իրականացմանը` իր վրա կրելով հետվիրահատական ողջ ծախսերը, այդ թվում` դեղամիջոցների տրամադրումն ու հսկողությունը: Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավարը նշեց, որ քաղաքացին վճարում է 5000 եվրոն, 5000-ը վճարում է «Արաբկիր» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս 5000-ը վճարում է պետությունը: Նրա փոխանցմամբ` տարեկան Հայաստանում արվում է 10-12 երիկամի պատվաստում, բայց բժիշկները կարող են ավելի շատ անել, պարզապես ֆինանսավորման, դոնորների խնդիրները կան: «Դոնորները հիմնականում հարազատներն են լինում, ծնողները` երեխաներին, քույրերը` եղբայրներին եւ այլն»,- ասաց նա: Մեկ հետաքրքիր փաստ եւս, երիկամների փոխպատվաստման անհրաժեշտությունն ամենից շատ ի հայտ է գալիս 30-50 տարեկան անձանց շրջանում, ըստ որում`ավելի շատ  տղամարդկանց, քան կանանց մոտ: Անդրադառնալով օրգանների առք ու վաճառքի սեւ շուկային` Արա Բաբլոյանը նշեց, որ Հայաստանում այն գոյություն չունի եւ չի էլ կարող լինել: Մի շարք երկրներում, օրինակ Ադրբեջանում, Թուրքիայում մարդու օրգանների առեւտրով զբաղվող սեւ բորսաների համար թիրախը երեխաները, տարեցները, հաշմանդամներն եւ այլ խոցելի խմբերն են: «Տեսականորեն ինչ-որ մեկը կարող է որոշել իր երիկամը վաճառել, բայց գործնականորեն դա հնարավոր չէ, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս, իրավաբանորեն պետք է հայտարարի, որ չի վաճառում, որեւիցե նոտար չի կարող հաստատել, որ վաճառում է օրգանը, պետք է գրի, որ անվճար է տալիս»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Ըստ նրա՝ ամեն դեպքում բացառված չէ ռեցիպիենտի հետ համաձայնության գալը եւ նոտարում հայտարարելը, որ օրգանդ անվճար ես տալիս, իսկ իրականում դրա փոխարեն գումար վերցնելը:  Արա Բաբլոյանի խոսքով` դա  ոչ բժիշկների, ոչ էլ նոտարի գործը չէ: Հարցին, թե եթե մի մեծահարուստ հայտարարի, որ մեծ գումար կտա նրան, ով իր երիկամը տա իրեն, ի՞նչ պետք է անեն, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Եթե երիկամը փողով է առնում, մենք չենք վիրահատի, կասենք գնա ուրիշ երկրում վիրահատի, դա իր գործն է, մեր բարոյականությունը թույլ չի տալիս վիրահատել, եթե օրգանը փողով է առել, իմ համար դա անընդունելի է»,- ասաց նա:

Արա Բաբլոյանի հետ հարցազրույցից հետո NEWS.am-ի թղթակիցը անմիջապես «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմացի սյանը տեսավ հետեւյալ հայտարարությունը:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը