Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այն մասին, որ նա նման դիրքորոշում ունի, Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը սպառնալիքի տակ չդնելու համար, վաղուց էր հայտնի: Բայց մինչ օրս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հրապարակավ ելույթ էին ունեցել միայն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության նրա համախոհները` արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանի Այալոն եւ Խմբակցության նախագահ Ռոբերդ Իլատովը:

Անցած շաբաթվա վերջին RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը հիմնադրման օրվանից  չի համաձայնել կիրառել Հոլոքոստ տերմինը որեւէ այլ պատերազմի կամ ողբերգության կապակցությամբ:
 «Մենք կարծում ենք, որ այն, ինչը տեղի է ունեցել հրեա ժողովրդի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք, ոչնչի հետ չի կարելի համեմատել: Այլ հակամարտությունները եւ գազանաբար կատարված սպանությունները` կատարված Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում, տերմինաբանության միջոցով  հերթական Հոլոքոստի վերածելու փորձերը մենք չենք ընդունում», - նշել է Լիբերմանը:

«Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր փաստերը, պատմության բոլոր տխուր էջերը ներկայացվեն այնպես, ինչպիսին դրանք կան: Ֆրանսիայից բացի ոչ մի այլ երկիր օրենսդրորեն չի ընդունել Հայոց ցեղասպանությունը…,- հավելել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: - Մենք մտադիր չենք խառնվել: Այսօր դա պատմական դեպքից վերածվել է քաղաքական վեճի: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Իսրայելն այժմ պետք է միջամտի այդ խնդրին»:

Առայսօր Լիբերմանը տվյալ թեմայով ոչ միայն հրապարակային հայտարարություն չէր արել, այլեւ նախորդ տարվա սեպտեմբերին ամգամ կարող էր թվալ, որ նա մտադիր է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այն ժամանակ «Եդիոտ Ահրոնոտ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական քաղաքականության ֆոնին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համալիր միջոցառումներ է ձեռնարկել: Հնարավոր գործողությունների շարքում առաջին հերթին նշվում էր «հայերի հետ համագործակցությունը»: Սակայն դրա հաջորդ օրը Լիբերմանը հայտարարել էր, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է IzRus-ը:

Դեռեւս 2011թ. մայիսին արտգործնախարարի տեղակալ Այալոն հայտարարել էր, որ «ոչ մի հավանականություն չկա, որ Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա անհար է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հարյուրամյա վաղեմության պատմական վիճելի դեպքերին միջամտելու պատճառով հարաբերությունները փչացնել մահմեդական աշխարհի մեր գլխավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ»:

Իսկ 4 ամիս անց նա «Մեդիամաքս» ընկերությանը տված հարցազրույցում նշել է. «Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածն ամենանուրբ  հարցն է, եւ լինելով այնպիսի մարդիկ, որոնք եւս տանջվել են հետապնդումներից եւ սպանություններից, մենք նույնպես զգայուն ենք այդ հարցի շուրջ: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ այդ հարցը, դժբախտաբար, անցել է քաղաքական հարթություն, պետք է մեծ զգուշավորությամբ գործել: Իսրայելը երբեք չի ժխտել հայկական ողբերգությունը, սակայն մենք չենք ցանկանում խառնվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ այդ կարեւոր հարցի առճակատմանը»: