«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խուսափել է կտրուկ մեկնաբանությունների անել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ:
Այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսում պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Հայկ Գեւորգյանը շուտով ազատ կարձակվի, եւ դա ճշմարտություն էր` արդեն որոշում է կայացվել Գեւորգյանի ազատ արձակման վերաբերյալ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը չի՞ կարծում, որ Գեւորգյանի «գլխին սարքել են»` Բիշարյանը նկատել է, որ «դժվար է նման բան ասել: Կա տուժած, ով բարեբախտաբար թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել, կան իրավապահ մարմիններ», եւ ցանկալի չէր լինի կասկածել դրանց օբյեկտիվության մեջ: «Ես տեղի ունեցածին վկա չեմ եղել»,-ասել է պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ էր դա իշխանություններին պետք, Բիշարյանը պատասխանել է, որ իշխանություններն ուղղակի կապ չունեն ոստիկանության աշխատանքի հետ: «Ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում: Այժմ ամեն տեղ տեսախցիկներ են տեղադրված»,-նշել է պատգամավորը: Նա նշել է, որ «այլեւս ոչինչ չի կարող ավելացնել» եւ հիշեցրել է, որ ինքը ոստիկանության ներկայացուցիչը չէ: «Հայկ Գեւորգյանին ես վաղուց եմ ճանաչում, քաղաքավարի տղա է»,-եզրափակել է Բիշարյանը:




























