Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել: Ինչպես այսօր` փետրվարի 6-ին, հայտարարել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը, կառավարությունն այդ քայլին է գնում երկրում տնտեսական կայունություն ապահովելու համար: 

Բոկը հայտարարել է, որ այդ «դժվար որոշումը» կայացրել է ոչ թե այն բանի համար, որ ցանկացել է հրաժարական տալ, այլ նրա համար, որ  «պարտավոր էր դա անել Ռումինիայի ապագայի համար»: Նա գործընկերներին կոչ է արել քաղաքական հասունություն ցուցաբերել եւ ինչքան կարելի է շուտ կողմնորոշվել նոր կառավարության անձնակազմի հարցում, հաղորդում է  Associated Press-ը:

Հիշեցնենք, որ հունվարից Ռումինիայում շարունակվում էին Բոկի եւ երկրի նախագահ Տրայան Բասեսկուի իշխանության դեմ բողոքի բազմաթիվ ակցիաները: Հազարավոր ցուցարարներ են ելույթ ունեցել տնտեսման խիստ միջոցների դեմ, որոնք իշխանություններն ընդունել էին երկիրը ճգնաժամից փրկելու նպատակով:

Ռումինիայի նոր վարչապետի թեկնածությունը պետք է առաջարկի նախագահ Տրայան Բեսեսկուն: Այնուհետեւ թեկնածությունը քվեարկության կդրվի, եւ վարչապետը մանդատ կստանա կառավարություն ձեւավորելու համար: