ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների արձագանքը սիրիական բանաձեւի վերաբերյալ ռուս-չինական վետոյին հիստերիայի եզրին է գտնվում, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ԱԽ-ում փետրվարի 4-ին սիրիական բանաձեւի քնեարկության արդյունքում մի քանի արեւմտյան երկրների գնահատականներն անվանել է «անպարկեշտ» եւ «հիստերիկ»: 

«ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական բանաձեւի քվեարկության ընթացքում մի քանի արեւմտյան ձայներ հնչում էին, ես կասեի, անպարկեշտ, ինչ-որ տեղ հիստերիկ», - ասել է նա Բահրեյնի արտգործնախարար շեյխ Խալիդ ալ Խալիֆայի բանակցություններն ամփոփող մամլո ասուլիսին:

Ըստ Լավրովի` ներկայումս Սիրիայում գոյություն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի բռնության աղբյուր: Այդ պատճառով էլ Ռուսաստանն աջակցել է ԱՊԼ-ի` բռնության անհապաղ դադարեցման մասին նոյեմբերյան նախաձեռնությանը: Դրա հետ մեկտեղ, նա բացատրել է, որ բանաձեւում պետք է տեղ գտնեն ոչ միայն հայտարարություններ, այլ համապատասխան իրադրությունների իրականացման հստակ չափանիշներ: 

«Նման չափանիշները շատ մանրամասն գրված էին, բայց միայն մեկ կողմի համար, միայն կառավարական կողմի համար: Մենք մի քանի փոփոխություններ մտցրեցինք», - մեկնաբանել է ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարը:

Ըստ նրա` Ռուսաստանն առաջարկել է կոչ անել սիրիական ընդդիմությանն առանձնանալ այդ երկրում գործող զինված ծայրահեղականներից, ինչպես նաեւ առաջարկել է ավելացնել Սիրիայի կառավարության դեմ պահանջներին երկրի քաղաքներից դուրս հանել զինված խմբավորումները: Սակայն այս երկու առաջարկներն էլ մերժվել են: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում: 

Միաժամանակ ռուս նախարարը նշել է, որ Մոսկվան շարունակում է սիրիական իշխանություններին վճռականորեն երաշխավորել երկրում բարեփոխումների շուտափույթ անցկացումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցում Մոսկվան եւ Չինաստանը վետո են կիրառել: Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ի երեկոյան: Արձագանքը հաջորդել է անմիջապես: Երկու պետությունների նման որոշումը քննադատել են ինչպես սիրիական ընդդիմությունն, այնպես էլ մի շարք արեւմտյան երկրներ: