Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի կողմից արդարացված Էրհան Թունջելը թուրքական Star թերթին տված հարցազրույցում Դինքի սպանության նախապատրաստման վերաբերյալ նոր մանրամասներ է հաղորդել՝ պնդելով, որ սպանության մեջ խառն է «Էրգենեկոն»-ը։

Էրհան Թունջելը պնդել է, որ երբ Դինքի սպանության ուղղորդողներից Յասին Հայալը դեռեւս McDonald’s-ի պայթեցնելու գործով գտնվում էր բանտում, նրան այցելում էին «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալները։  Թունջելը նշել է, թե Հրանտ Դինքին սպանելու գաղափարը Յասին Հայալի մոտ ծագել է բանտում գտնվելու ժամանակ։

«Տրապիզոնի ժանդարմերիայի 6 գործակալներն ինչո՞ւ դատարանի առաջ չկանգնեցին։ Մինչեւ չխոսի Տրապիզոնի ոստիկանության այն ժամանակվա Ռեշաթ Ալթայը, Դինքի սպանությունը չի բացահայտվի»,-նշել է Թունջելը՝ շեշտելով, որ Դինքի սպանության գործով Տրապիզոնի ոստիկանության շատ աշխատակիցներ պետք է խոսեն։

Նշենք, որ սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ McDonald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: