Ղազախստանի ֆինանսական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ղազախստանի Ժանաոզեն քաղաքի վարչակազմի ղեկավարին: Այս քաղաքում 2011-ի դեկտեմբերին անկարգություններ էին տեղի ունեցել:
Նախօրեին, Սարբոպեեւը վերադարձել է արձակուրդից եւ ֆինանսական ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»:
Հունվարի վերջին Ղազախստանի գլխավոր դատախազ Աստահ Դաուլբաեւը, հրապարակելով Ժանաոզենում տեղի ունեցած դեպքերի հետաքննությանն ընթացքը, հայտարարել է, որ այդ քաղաքի նախկին ու ներկա ակիմներ Ժալգաս Բաբախանովը (այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2009թթ) եւ Օրաք Սարբոպեեւը «Ժանաշիր» եւ «Ժարիլքաու» հիմնադրամներից հափշտակություններ են կատարել: Այդ միջոցները նախատեսված են եղել բնակչությանը սոցիալական աջակցության համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-17-ին Ժանաոզեն քաղաքում եւ Շեթփե ավանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որի հետեւանքով, վերջին տվյալներով, մահացել է 16, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Ժանաոզենում արտակարգ դրություն է մտցվել, որը գործել է մինչեւ 2012-ի հունվարի 31-ը:




























