Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել` որտեղ պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայ Գեւորգյանի դեմ գործված սադրանքների հեղինակներին:

Հայտարարությունում ասվում է.

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, այսօր ազատ է արձակվել լրագրող Հայկ Գեւորգյանը:

Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը դավանանք են:

Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման եւ ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայ Գեւորգյանի խափանման միջոցը:

Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել եւ քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու եւ իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաեւ կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին եւ քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել եւ համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ»: