Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երեւանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա «Ուրարտու» ռեստորանում եւ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մզ հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ անհայտ անձը sms է գրել մի աղջկա, ով, ըստ ամենայնի, ծանոթ է եղել «Ուրարտու» ռեստորանի տնօրենին։ Հաղորդագրությանից հետո Երիցյանը գտել է հաղորդագրության հեղինակին, ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այս գործում ընդգրկված է նաեւ դեռեւս խորհրդային շրջանում հայտնի «մաֆիոզ Գագոյի» աղջիկը՝ Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Նշենք, որ վերջինս «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է, որը դարձյալ Պռոշյանի փողոցում է գտնվում, «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա:




























