Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 6-ին, արտահերթ նիստ է գումարել:
Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողավի 2011թ. օգոստոսի 11-ի թիվ 57-Ն որոշման մեջ, սահմանվել են կուսակցությունների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձեւը եւ այն լրացնելու կարգը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ կուսակցությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել եւ դրանք լրատվության միջոցներով հրապարակել յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է նաեւ փետրվարի 12-ին Լոռիի մարզի Սպիտակ եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման առաջին տեղեկանքը:




























