Անցնենք մի հատ նոր խաղի ՔՊ–ականների համար. հարգելի ՔՊ-ական ավագանիներ, ձեր կարծիքով քաղաքապետարանի հավաքարարն է ավելի շատ աշխատավարձ ստանում, թե՞ մեր մանկապարտեզների դայակները։ Չգիտե՞ք։ Լավ, մեր քաղաքապետերի հավաքարա՞րն ավելի շատ աշխատավարձ ստանում, թե՞ մեր մանկապարտեզների տնօրենները։ Մանկապարտեզների տնօրենները ստանում են մաքուր 172 000 դրամ, մեր քաղաքապետարանը հավաքարարը՝ 204 000 դրամ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Մանկապարտեզների դասիարակները մաքուր ստանում են 120 000 դրամ։ Դուք վերջին չորս-հինգ տարիներին 20 միլիոն դոլար սալիկների վրա եք ծախսել, հիմա սալիկներ են ավելի կարևո՞ր, թե՞ ասենք դպրոցների տանիքները, որոնցից կաթում է, թե ապակիների շրջանակները։ Մեր մշակութային կենտրոններում, կլինիկաներում, դպրոցներում, 100 տարվա շրջանակներ են՝ կոտրված, ջարդված։ Մենք մեր հարկատուների փողերից ջերմուցման փող ենք տալիս, դուք չեք կարողանում մի հատ ապակի փոխեք, բայց կարող եք 2 մլն դոլար տաք, ծափ տաք, պարեք Թաթայի երգի տակ Էրեբունի–Երևանի համար։ Լավ պարում եք, լավ պարել գիտեք, լավ եք անում, շարունակեք պարել։ Վեց ամիս մնաց մյուս ընտրություններին, ռադ անեն ձեզ»,– հայտարարեց նա։

Զարոկյանը շարունակեց. «1.5 մլն դոլար տալիս եք «Ֆակտորի պրոդակշնին», «Սինեմարտին», որ քաղաքը Նոր տարուն ձևավորեն, բայց մեր ձևավորման ՀՈԱԿ–ը նույն գործը կարող է անել։ Դուք գիտե՞ք, որ 10 համայնքներում մեր ձևավորման ՀՈԱԿ–ը տոնածառները, զարդարանքները իրենք են անում։ Ոչ մի հավելյալ գումար դուրս չի գալիս դրա վրա։ Բայց դուք նախընտրում եք ձեր ընկերներին գումար բաժանեք առանց մրցույթի»,–ասաց նա։