Ղարաբաղի սահմանային հենակետերից մեկում (Հադրութի շրջան) փետրվարի 5-ին սպանված ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Դիմակսյանը Լոռիի մարզի Վահագնի գյուղից է: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանը նշեց, որ Դիմակսյանների ընտանիքը բաղկացած էր 7 անձից. հայրը, մայրը, պապը, տատը, Մարատն իր երկու կրտսեր եղբայրների հետ: Գյուղապետի ներկայացմամբ, ընտանիքը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ: «Տարեցտարի անասնագլխաքանակն էին ավելացնում, իրենց աշխատանքով ապրող մարդիկ էին»,-ասաց նա, հավելելով, որ Դիմակսյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:
Բնութագրելով 20-ամյա ժամկետային զինծառայող Մարատ Դիմակսյանին, գյուղապետն ասաց. «Բոյով, սիրուն, խելոք ու խելացի տղա էր Մարատը, սովորում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետում, երկրորդ կուրսից մեկնեց զինվորական ծառայության»:
Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանն ասաց, որ իրեն պաշտոնապես զանգահարել են փետրվարի 5-ի երեկոյան ու հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել Մարատի զինակից ընկերոջ կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Նշենք, որ պաշտոնական վարկածով` փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Դիմաքսյանին:
Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգներ կայացնող առարկաներ, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:)




























