Սանտա Կլաուսը արևմտաքրիստոնեական մշակույթի կախարդական կերպար է, ով, ինչպես և Ձմեռ պապը, Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին նվերներ է բերում բարի երեխաներին: Սանտա Կլաուսի նախատիպը դարձել է քրիստոնյա սուրբ Նիկողայոս Սքանչելագործը կամ Նիկողայոս Մյուռացին՝ Լիկիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Կերպարի ներկայիս անունը սրբի հոլանդական անվան՝ Սինտերկլաասի աղավաղված տարբերակն է:

Սանտան միայնակ չի աշխատում. ամանորյա գործերում բարի պապիկին օգնում են սուրբծննդյան էլֆերը: Հենց նրանք են կախարդի արհեստանոցում խաղալիքներ պատրաստում երեխաների համար: Նա ապրում է Հյուսիսային բևեռում և Սուրբ Ծննդյան նախօրեին յուրաքանչյուրի տուն հասնելու համար Սանտան օգտագործում է թռչող և կախարդական հյուսիսային եղջերուներով լծված սահնակը: Նրանք այնքան արագ են թռչում, որ յուրաքանչյուր երեխա, ով նամակ է գրել պապիկին, ժամանակին ստանում է իր նվիրական նվերը:

Սուրբ Նիկողայոսը հայտնի է եղել իր առատաձեռնությամբ: Նա միշտ օգնում էր աղքատներին, չքավոր ընտանիքների աղջիկներին օժիտ էր նվիրում հաջող ամուսնության համար և միշտ արձագանքում էր աջակցության ցանկացած խնդրանքի: Դեռևս միջնադարում ավանդույթ է ձևավորվել, որ դեկտեմբերի 6-ին՝ Նիկողայոսի անվանակոչության օրվա նախօրեին, երեխաներին պետք է փոքրիկ հուշանվերներ տալ։

Ժամանակի ընթացքում նվերներ տալու ավանդույթը տեղափոխվել է Սուրբ Ծննդյան օրերին: Դրա վրա մեծապես ազդել է քրիստոնյա աստվածաբան Մարտին Լյութերը, ով ցանկանում էր այդ կերպ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել քրիստոնեական արժեքների վրա:

Սանտային պատկերում են որպես որպես չափավոր գեր, ճերմակ մորուքով տարեց տղամարդու: Նա հագնում է սպիտակ մորթե օձիքով ու թևքերով կարմիր վերարկու, կապում է սև կաշվե գոտի, կրում է կարմիր տաբատ և սպիտակ մորթով գլխարկ: Հաճախ նրա քթին ակնոց կա. իհարկե, որպեսզի ավելի հեշտ լինի կարդալ նամակները: Սանտան զվարթ է և բարեհոգի, նա պարբերաբար ուղղում է ուսին դրված նվերների մեծ պարկը՝ ուրախ բացականչելով՝ «Հո-հո-հո՜»:

Հայտնվել է նաև առաջին պատկերազարդումը, որտեղ պատկերված է ժամանակակից Սանտա Կլաուսը: Դրա հեղինակն է ամերիկացի ծաղրանկարիչ Թոմաս Նաստը: Նա պատկերել է Սանտային Harper's Weekly ամսագրի 1863 թվականի հունվարյան համարում: Այսօր շատերի մոտ Սանտա Կլաուսը առաջին հերթին ասոցացվում է Coca-Cola-ի սուրբծննդյան գովազդի հետ: Այն առաջին անգամ հայտնվել է 1930-ականներին և այն ժամանակ ժողովրդական պատմությունների տեղիք է տվել, թե իբր Սանտայի հագուստը ընկերության կորպորատիվ գույներն են և առհասարակ՝ կախարդի կերպարը հորինել են հենց Coca-Cola-ի ներկայացուցիչները:

Սակայն դա այդպես չէ. Սանտայի պատկերները հայտնվել են նաև ավելի վաղ՝ White Rock Beverages հանքային ջրի գովազդում: Եվ այն ժամանակ Սանտա Կլաուսն արդեն հագնված է եղել կարմիր ու սպիտակ՝ շարունակելով ժողովրդական և պատմական ավանդույթները