Դիմակավորված անհայտ տղամարդը Քյոլնի տաճարում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ պերֆորմանս է իրականացրել՝ շփոթմունք առաջացնելով ծխականների շրջանում։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Ճրագալույցին, տոնական երեկոյան ժամերգության ժամանակ, որը սկսվել է տեղական ժամանակով մոտ 16:30-ին: «Մի մարդ հանկարծակի դուրս է թռել հանդիսականների միջից՝ ամբողջովին դիմակավորված՝ սև թիկնոցով և աչքի ընկնող ոսկեգույն դիմակով», - գրում է պարբերականը՝ հղում անելով Քյոլնի ոստիկանության հաստատմանը:

Նշվում է, որ դիմակավորված անձը ունեցել է նաև փափուկ ականջակալներ: Հասնելով խորանի հատվածին՝ նա պարային համար է կատարել: Տաճարի սպասավորները, ովքեր պատասխանատու են եկեղեցում կարգուկանոնի համար, անմիջապես արձագանքել են և առանց դիմադրության նրան դուրս բերել տաճարից:

«Ոստիկանության միջամտության կարիք չի եղել, ոչ ոք չի տուժել և Սուրբ ծննդյան երեկոյան ժամերգությունը շարունակվել է այնպես, կարծես ոչինչ չի պատահել», - գրում է պարբերականը: Մանրամասնվում է, որ օրինախախտի արարքը սուր քննադատության է արժանացել ինչպես ժամերգության մասնակիցների կողմից, այնպես էլ համացանցում: Մի տղամարդ, ով տաճարում է եղել իր ընտանիքի հետ, գրել է. «Երեխաներս մի պահ իսկապես վախեցան»։

«Թե կոնկրետ ինչ էր ընկած Քյոլնի տաճարում Ճրագալույցի այդ ելույթի հիմքում և արդյոք դա «համարձակության ստուգում» էր, դեռևս անհայտ է: Այս պահին Քյոլնի ոստիկանությունում օրինախախտի դեմ ոչ մի բողոք չի ստացվել», - հավելել է պարբերականը:

Կաթոլիկները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, ընդ որում տոնական ժամերգությունները ավանդաբար սկսվում են նախորդ օրվա երեկոյան՝ Ճրագալույցին: