Ուկրաինայի նախագահը Սուրբ ծննդյան շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ երկրի բոլոր բնակիչներն այս օրը մեկ ընդհանուր ցանկություն ունեն։ «Այսօր բոլորիս երազանքը մեկն է։ Եվ մենք բոլորս մեկ ցանկություն ենք պահում։ «Որ նա մեռնի»՝ ամեն ոք կասի իր մտքում։ Բայց երբ դիմում ենք Աստծուն, իհարկե, մենք ավելի լայն ենք խնդրում։ Խնդրում ենք խաղաղություն Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք դրա համար։ Եվ աղոթում ենք դրա համար։ Եվ մենք դրան արժանի ենք», - ասել է Զելենսկին։ Նա չի հստակեցրել, թե ում մահն են ցանկանում ուկրաինացիները, սակայն, ինչպես ենթադրել է Kyiv Independent պարբերականը, խոսքը Վլադիմիր Պուտինի մասին է եղել, ով արդեն գրեթե չորս տարի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։
Կրեմլում արձագանքել են Զելենսկու խոսքերին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը համարել է «անկուլտուրական» և «չարացած», իսկ նրան համեմատել է «ոչ ադեկվատ մարդու» հետ։ «Ցանկություն է առաջանում հարցնել՝ արդյո՞ք նա ընդունակ է ադեկվատ որոշումներ կայացնել քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման ուղղությամբ», - ասել է Պեսկովը։
Նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին, Զելենսկին ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի ծրագրի բոլոր 20 կետերը, որոնք համաձայնեցվել են ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ լուծում չկա միայն տարածքների և Զապորոժիեի ատոմակայանի հարցում։ Մասնավորապես, Կիևը պնդում է ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում նախատեսվում է դադարեցնել շփման գծի երկայնքով ընթացող մարտերը։ Ռուսաստանն իր հերթին պահանջում է ուկրաինական ուժերի ամբողջական դուրսբերում Դոնեցկի մարզից։ Ուկրաինան պատրաստ է գնալ դրան, բայց միայն տարածաշրջանում երկու կողմերի զորքերի դուրսբերմամբ ազատ տնտեսական գոտու ստեղծման միջոցով։ Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել։
Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Կրեմլը չի ընդունել 20 կետից բաղկացած ծրագիրը և մտադիր է դրանում իր շտկումներն անել։ Փաստաթղթում, ի թիվս այլոց, չկան ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնման երաշխիքներ, ինչպես նաև կետ՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։ Մոսկվայում դժգոհ են նաև խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի՝ 800 հազար մարդով սահմանափակումից։ Կրեմլը նաև պահանջում է հստակ երաշխիքներ տրամադրել Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Ռուսաստանը հստակություն է ցանկանում պատժամիջոցների հանման և Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հարցում։





























