Պատրիկ Ռուայանեն` «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցության անդամ, Դրոմի (Ֆրանսիա) գլխավոր խորհրդի նախագահի տեղակալ, Վալանսի քաղաքապետի տեղակալ առողջապահական հարցերով, եւ որը մտերիմ է եվրապատգամավոր Միշել Ռիվազիի հետ, հարցազրույց է տվել «Nouvelles d’Arménie» ամսագրին: Նրա կուսակցությունից շատ սենատորներ ստորագրել են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին ուղղված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ դիմումը: Պատրիկ Ռուայանեն իր դիրքորոշումն է հայտնում , ինչպես նաեւ համակուսակիցների որոշման դիրքորոշումը: Մեջբերում ենք հարցազրույցը.
Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության սենատորների, այդ թվում նաեւ Ժան Վենսան Պլասեի դիրքորոշման նկատմամբ:
Միշել Ռիվազին շատ կարեւոր դեր է խաղացել 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: 2008 թվականից մենք պայքարում ենք միասին հանուն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի: Ինչպես Հոլոքոստի դեպքում էր, այս օրենքն էլ պետք է հետեւողական լինի եւ քրեականացնի 2001 թվականին հրապարակված օրենքը: Հոլոքոստը թե Հայերի ցեղասպանությունը` դրանք նույնն են: Ինչո ՞ւ եւ ինչպե ՞ս կարող է Ռոբեր Բատենտերը տարբերություն դնել այս երկու ցեղասպանությունների միջեւ: Ես չեմ հասկանում: Օրենքը պետք է արդար լինի բոլորի համար: Եւ այս օրենքը պետք է քրեականացնի ժխտումը: Առանց տարբերության:
Ձեր կուսակցության սենատորներն այլ կարծիք ունեին քրեականացման օրենքի վերաբերյալ…
«Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության սենատորների ելույթը զարմացրեց ինձ: Միշել Ռիվազիի հետ մենք պնդում ենք, որ նման դիրքորոշումը միայն զարմանք է հարուցում: Առավել եւս, որ ներքեւների հետ չեն խորհրդակցել: Դա շատ կարեւոր է, եւ մենք Միշելի հետ այն դատապարտում ենք: Ես իմ կողմից գրավոր կերպով կարտահայտեմ իմ դժգոհությունը ազգային մակարդակի շրջանակներում եւ կհարցնեմ` ինչու է նրանց մոտ նման դիրքորոշում: Ինչու տարբերություն դնել Հոլոքոստի, որն ունի Գեյսոյի օրենքը, եւ Հայոց ցեղասպանության միջեւ, եւ փորձում են վերացնել օրենքը, որն արդեն ընդունվել է:
Դուք կցանկանայի՞ք, որ «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը միաձայն քվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի համար:
Ես կարծում եմ, որ խմբային դիրքորոշումն այս հարցում բարդ է, քանի որ յուրաքանչյուրն իր անձնական կարծիքն ունի: Մենք չենք կարող մեր խումբը տանել այս կամ այն ուղղությամբ: Սակայն Ֆրանսիան պետք է պաշտպանի բոլոր քաղաքացիներին: Ֆրանսիայի հայերը ֆրանսիացի լիարժեք քաղաքացիներ են եւ պետք է ճանաչվեն ու պաշտպանվեն հանրապետությա կողմից: Այսօր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքն ավելի քան անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է ժխտող Թուրքիային, ապա ես կասեմ, ինչպես եւ համարյա բոլոր ֆրանսիացի քաղաքագետները, որ նա կաճի, եթե վերանայի իր պատմությունը եւ ընդունի Ցեղասպանությունը, որի զոհ են դարձել հայերը 1915-1923 թվականների ընթացքում: Գերմանիան, ընդունելով նացիստների ոճրագործությունը, բարձրացավ: Թող Թուրքիան հետեւի նրա օրինակին:

























