Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր` փետրվարի 7-ին, Աժ ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պողոտա տեղափոխվող կրպակներին: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին տաղավարները, շտապեցինք հավատալ, որ վերջապես կհարգվեն մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները։ Թվում էր` Երեւանն այլեւս այլանդակելու տեղ չուներ, բայց ոչ՝ ինչպես պիտի թողնեին, որ այդ թանկ կտորը` Մաշտոցի պուրակը, մեկ- երկու հոգու բիզնես տարածքը չդառնար։
Այսօր արդեն կատաղի արագությամբ՝ մայրաքաղաքի Գլխավոր հատակագծի խախտումով, կանաչ, հանրային տարածք հանդիսացող գոտում մեկը մյուսին են հաջորդում գավառական շուկայի տաղավարները։ Էս ի՞նչ եք անում։ Այս հարցը հնչեցնում եմ բոլոր երեւանցիների անունից։ Ինչո՞ւ եք շարունակում Երեւանի կենտրոնի գերբեռնումը։ Ինչու՞ չեք հարգում հանրային կարծիքն ու իրավունքը։ Ինչու՞ եք խախտում ՀՀ օրենքներն ու միջազգային համաձայնագրեր։ Ինչու՞ չենք առաջնորդվում հանրային շահով ու ամեն անգամ մեկ- երկուսի բիզնես շահը գերադասում քաղաքակիրթ քաղաք ունենալու տեսլականից։ Ո՞ւր մնացին մեր քաղաքային արժանապատվությունն ու մշակույթը։
Մի՞թե այդ թիթեղյա, անշուք տաղավարներն են զարդարելու մեր մայր պողոտան, երբ գրատպության 500- ամյակի ու գրքի մայրաքաղաքի տարում Երեւանում երկու-երեք գրախանութ էլ չունենք։ Ինչպե՞ ս կարելի է հանդուրժել Գլխավոր հատակագծի խախտումը։ Այդ ինչու՞ «Հին Երեւան» նախագծի համար այդպես էլ 10 տարի տեղ չի գտնվում, իսկ տաղավարները կայծակնային արագությամբ տեղադրվում: Հարգելի քաղաքապետ, մի՞թե կաշկանդված եք բետոնապատ ու չորացող մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգել ու քաղաքին նվիրել քաղաքային մշակույթի մի փոքրիկ, կանաչ տարածք։
Չէ՞ որ, ի սկզբանէ, այդքան քննադատվող Խորհրդային շրջանում հենց այս նպատակով էր հղացվել պուրակը։ Հարգելի ՀՀ նախագահ, ե՞րբ է գալու Ձեր իսկ հիշատակած «արատավոր կարծրատիպերից հրաժարվելու ու ազգային-պետական մոտեցման սկզբունքների ժամանակը»: Իսկ մինչ կգան այդ ժամանակները, այդ մեր հազարավոր հայրենակիցներ այս ներքին ցեցից ազատվելու միակ միջոցը արտագաղթով են լուծում»,- ասել է նա։




























