Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամը եւս 500 հազար դոլար է նվիրաբերել Վիլլանովայի համալսարանի «Հովնանյան կրթաթոշակ» ավանդաշնորհային ֆոնդին, որն այժմ կազմում է 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վիլլանովայի համալսարանից: Հովնանյան կրթաթոշակը լավ հնարավորություններ է ստեղծում ծագումով հայ տաղանդավոր ուսանողների համար: Կրթաթոշակը ծածկում է ստացողի ուսման, տան եւ սննդի վարձերը եւ ամեն տարի ենթակա է վերականգնման:
1990թ.-ից` հիմնադրումից սկսած առ այսօր «Հովնանյան կրթաթոշակ» ֆոնդի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի շահառուներ են դարձել Վիլլանովայի համալսարանի 79 ուսանողներ: 2012-13 ուսումնական տարվա Հովնանյան կրթաթոշակի համար կարող են դիմել Վիլլանովայի համալսարանի ներկա ուսանողները եւ 2012-13 ուսումնական տարում այդ համալսարան ընդունվածները: Հովնանյան կրթաթոշակի դիմումի ձեւը հասանելի կլինի առցանց` սկսած 2013-14 ուսումնական տարվանից:
Նշենք, որ ավելի քան 25 տարի է, ինչ Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամն աջակցում է հայ մշակույթին եւ կրթությանը, առողջապահական հիմնարկներին, արվեստներին եւ այլ ոլորտների: Հիմնադրամը ստեղծվել է 1986թ., կենտրոնական գրասենյակը գտնվում է Թինտոն Ֆոլզ քաղաքում, Նյու Ջըրզի նահանգ:




























