«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր հայտարարության մեջ անդրադարձել է Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի խաբված սեփականատերերի խնդիրներին:
Պարզվում է, այդ շենքերի բնակարանների գնորդների մեջ են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, տեղեկացված լինելով այն մասին, որ շենքում առկա 172 բնակարանների դիմաց կնքվել են 500-ից ավել պայմանագրեր, ժամանակին դիմել են դատարան` հիմնական պայմանագրեր կնքելու պահանջով եւ շատ էժան գնով մի քանի բնակարանի տեր դարձել:
Խաբված քաղաքացիները Սերժ Սարգսյանին ուղղված նամակում նշել են. «Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանը միեւնույն բնակարանի համար կնքել է մի քանի առուվաճառքի պայմանագրեր` առանց ստուգելու վաճառողի փաստաթղթերը: Այս անչափ մեծ կոռուպցիայի հեղինակը միայն «Գապբնակշին» ՍՊԸ-ն չի կարող լինել, թիկունքում կան մեղավորներ, որոնց արարքը իսկական պետական դավաճանություն է:
Հաշվի առնելով հանցագործության մասշտաբները` խնդրում ենք գործն ուղարկել ԱԱԾ եւ մեղավորներին դատել որպես պետական դավաճաններ»:
Բախշյանն իր հայտարարությունում նշում է.
«Պարզվում է, այդ շենքերի բնակարանների գնորդների մեջ են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, տեղեկացված լինելով այն մասին, որ շենքում առկա 172 բնակարանների դիմաց կնքվել են 500-ից ավել պայմանագրեր, ժամանակին դիմել են դատարան` հիմնական պայմանագրեր կնքելու պահանջով, եւ մեր «արդար դատարանը»` ի դեմս դատավոր Էդիկ Ավետիսյանի, կայացրել է մի վճիռ, որով միայն նախագահի վերահսկողության պետ Հովհաննես Հովսեփյանն ու կինը` Էվելինա Միրզաբեկյանը, քմ-ի համար վճարելով ընդամենը 500 դոլար եւ ըստ վճռի պարտավորվելով վճարել 175մլն դրամ` դարձել են 5 բնակարանի տեր այն դեպքում, երբ մեր հասարակ քաղաքացիները վճարել են քմ-ի համար 1100 դոլար եւ ավելի:
Հավելեմ, որ բարձրաստիճան պաշտոնյաներից դատավորները չեն պահանջել վճարման անդորագրերի բնօրինակները, իսկ հասարակ քաղաքացիներից համառորեն պահանջել են` գործի մեջ անհայտ ժամանակով կցելու համար, որի նպատակը բոլորիս համար պարզ է:
Ըստ խաբված սեփականատերերի, այս պատմության մեջ մեծ դերակատարում ունի նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, ով Հովհաննես Հովսեփյանի բարեկամն է ու տնօրինում է խաբված քաղաքացիների ճակատագրերն այն դեպքում, երբ ֆինանսների նախարարը պաշտոնապես քաղաքացիներին հայտարարում է, որ նախարարությունը ոչ մի առնչություն չունի նման գործերի հետ: Միանալով մեր քաղաքացիների դիմումին` հանրապետության Նախագահից, որպես մեր սահմանադրական իրավունքների երաշխավոր, պահանջում ենք տեր կանգնել Սահմանադրությանը, այսինքն ապահովել երկրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, այսինքն` վերականգնել մեր խաբված քաղաքացիների սեփականության իրավունքը»:




























