Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2011թ. կազմել են 1.54 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած դեկտեմբերի տեղեկագրում:

Նշենք, որ տրանսֆերտների ռեկորդային մակարդակն ապահովվել է 2008 թ.` 1.63 մլրդ դոլար, սակայն այնուհետ, ճգնաժամի հետեւանքով տրանսֆերտները նվազել են (2010 թ.` 1.29 մլրդ դոլար):

Դեկտեմբերին Հայաստան է փոխանցվել 166 մլն դոլար, ինչը զիջում է օգոստոսի ցուցանիշին` 170 մլն դոլար:

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը` 2011 թ. այս երկրից փոխանցվել է 1.29 մլրդ դոլար, կամ ընդհանուր տրանսֆերտների մոտ 84 %-ը: Հենց Ռուսաստանից փոխանցումների հաշվին էլ հիմնականում ապահովվում է տրանսֆերտների աճը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 74 մլն դոլար, կամ ընդհանուրի 4.8 %-ը: Երրորդ տեղում Ուկրաինան է` 25 մլն դոլար:

Դեպի Հայաստան նշանակալի գումարներ են փոխանցվել նաեւ Ղազախստանից (20 մլն դոլար), Գերմանիաից (10.6 մլն դոլար), Ֆրանսիայից (10.8 մլն դոլար):

Թուրքիայից ոչ առեւտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել 2.1 մլն դոլար, ինչը մոտ կրկնակի գերազանցում է 2010 թ. ցուցանիշը: Սակայն Հայաստանից Թուրքիա փոխանցվել է ավելի շատ` մոտ 5 մլն դոլար, սակայն 2010 թ. համեմատ այստեղ առկա է նվազում մոտ 1 մլն դոլարով: