Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից, Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական, կարևոր և լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել և նաև առաջնորդել Սուրբ եկեղեցի, մասնակցելու Սուրբ պատարագի և հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին։ Այս մասին, այսօր՝հունվարի 5–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Գիտեք, որ այսօր ճրաքալույց է և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրաքալույցի նախատոնական պատարագը և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը ու նաև այսօր ճրաքալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը, որը նաև աղոթքով, հավատքով, որ Աստծո լույսը, Աստծո օրհնությունը պիտի թափանցի մեր երկիր, մեր կյանք և մեր ընտանիք»,–ասաց նա։

Հարցին՝ երեկվա դեպքից հետո, երբ 10 եպիսկոպոսները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթուղթ ստորագրեցին, արդյոք Վեհափառ Հայրապետը չի փակում դռները այդ եպիսկոպոսներին ներելու առաջ, տեր Եսային պատասխանեց. «Եկեք գնահատականներ ես չտամ կամ որևէ որակում այս պահին չեմ կարող տալ, ընթացքը ցույց կտա։ Վեհափառ Հայրապետը ինքը կորոշի»։

Հարցին՝ տեսնո՞ւմ է այդ եպիսկոպոսների վերադարձի ճանապարհ, նա արձագանքեց. «Քրիստոնեությունը այն կրոնն է, որ միշտ տալիս է այդ հնարավորությունը ապաշխարելու և ետ դառնալու։

Ես  ձեռնպահ եմ կմնամ որևէ ուղերձից սրբազաններին ուղղված՝ հաշվի առնելով և իմ հանգամանքը, և իրենց հանգամանքը։

Մենք արդեն հայտարարել ենք, որ այդ հայտարարությունը սահմանադրության խախտում է և հուսանք, որ իրավապահ մարմինները անդրադարձ կունենան»։