Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով քաղաքի հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց եկեղեցու հոգևորականներից մեկը։

«Ռազմական գործողություններն ավարտվել են, քաղաքում այս պահին իրավիճակը հանգիստ է»,–ասաց հոգևորականը` նշելով, որ Հալեպում կյանքը սկսել է վերադառնալ իր բնականոն հունին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալները դուրս են եկել Հալեպից: Ըստ քրդական ուժերի ղեկավարի՝ հրադադարի և զինյալների ու քաղաքացիական անձանց ապահով տեղափոխման որոշումը կայացվել է միջազգային միջնորդության շնորհիվ:

Վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով Հալեպում 24 մարդ է զոհվել, գրեթե 130-ը՝ վիրավորվել: Շուրջ 150 հազար մարդ տեղահանվել էր: