Երեկ` հունվարի 8-ին կայացել է Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնի քաղծառայության կրկնակի մրցույթը, եւ տեսչության պետ Նորայր Փանոսյանը երկրորդ անգամ չի հաղթահարել թեսթավորման փուլը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նորայր Փանոսյանը թեսթավորումից կտրվել էր նաեւ դեկտեմբերի կեսերին կայացած մրցույթում եւ զբաղեցնում էր պաշտոնը որպես ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ որպես քաղաքացիական ծառայող:

Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ օրենքով Փանոսյանը կարող է որոշ ժամանակ որպես վարչության պետի պաշտոնակատար զբաղեցնել այդ պաշտոնը մինչ նոր մրցույթ հրավիրելը, եթե իհարկե արդարադատության նախարարությունը որոշի, որ հենց նա է շարունակելու պաշտոնավարել: Կամ էլ նախարարությունը կարող է տեսչության նոր պետ նշանակել: Դա կախված է տվյալ գերատեսչության ցանկությունից: