Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետարանը չորս պայմանագիր է կնքել այսպես կոչված «Ալպինա-Ա» ընկերության հետ, ըստ որոնց նախատեսվում է երկհարկանի ավտոտնակներ կառուցել Բաքվի Ազատության հրապարակում, Ֆիզուլիի եւ Միրզաղա Ալիեւ փողոցների վրա: Դրանից բացի, այդ կազմակերպությունը պետք է նոր շատրվաններ կառուցի, նոր էլեկտրահաղորդիչներ անցկացնի Ադրբեջանի մայրաքաղաքում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` արձանագրելով, որ նման ընկերության գոյության մասին որեւէ տեղեկություն գտնելու բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ:

«Խոշոր գումարով պետական պատվեր կատարող ընկերությունը չունի նույնիսկ էլեկտրոնային կայք, մինչդեռ քաղաքապետարանը շատրվանների կառուցման համար այդ ընկերության հետ 20 միլիոն մանաթ (33 միլիոն դոլար) արժողությամբ պայմանագիր է կնքել»,-գրում է «Թուրանը»` նշելով, որ իրականում դա հսկայական գումար է նման պատվերի իրականացման համար:

«Ալպինա-Ա» ընկերության հետեւում կանգնած է Բաքվի քաղաքապետ Հաջըբալա Աբութալիբովի եղբայրը: Նա արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է էլեկտրահաղորդիչների անցկացման գործով: Իրականում, քաղաքապետի խարդախությունների հետքը կորցնելու համար ամեն անգամ ինչ-որ ընկերություններ են ստեղծվում, որոնք ստանձնում են պետական պատվերի իրականացման պարտավորություն: Նրանց հետ պայմանագրեր են կնքվում, յուրացվում են պետական գումարները, իսկ ոչ մի ռեալ գործ չի արվում»,-գրում է «Ենի Մուսավաթ» թերթը: