Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր` փետրվարի 8-ին, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ոստիկանության եւ փաստաբանների պալատի միջեւ համագործակցության մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:

Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրել են ձեռնարկի շարժառիթները, խնդիրները եւ համագործակցության հեռանկարները:

Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել եւ կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման եւ պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:

Ռուբեն Սահակյանը բարձր գնահատելով ոստիկանության նախաձեռնությունը` նշել է, որ համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել իրավունքների սահմանափակումներին եւ վերացնել դրանք:

Վլադիմիր Գասպարյանը Հուշագրի դրույթների կիրարկումը գնահատելով որպես քաղաքացիների, հասարակության հայացք` նշել է, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության: «Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժումԼ Իսկ երբ քննիչը, փաստաբանը արդարամիտ են եւ ծառայում են օրենքին, մենք ունենում ենք անուն, ինքնասիրություն եւ կարողանում ենք ուղիղ նայել միմյանց եւ քաղաքացու աչքերին»,- ընդգծել է ոստիկանության պետը

Հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում:

Համագործակցությունն իրականացնելու նպատակով գործելու է վեց անդամից բաղկացած հանձնախումբ, որը կատարված աշխատանքի մասին կես տարին մեկ հաշվետվություն կներկայացնի Պալատի նախագահին եւ Ոստիկանության պետին:

Հանձնախումբն իրավասու է նաեւ անհրաժեշտության դեպքում հասարակության առջեւ հանդես գալու հայտարարությամբ: Խնդիրն, ամեն դեպքում, ոլորտի գործընթացների թափանցիկության ապահովումն է, ինչը, կողմերի համոզմամբ, բխում է եւ՛ քաղաքացիների, եւ՛ ոստիկաննների ու փաստաբանների մասնագիտական շահերից:

Ոստիկանության եւ փաստաբանների պալատի ղեկավարները վստահեցրել են, որ հետեւողական են լինելու աննախադեպ այս ձեռնարկն իրականություն դարձնելու եւ քաղաքացու իրավունքներն ու շահերը համատեղ ուժերով պաշտպանելու գործում:

«Քայլը առաջադիմական է եւ մենք տեր ենք մեր խոսքին, օրենքի գերիշխանությանը, նրան, ինչին կոչված ենք»,- հավաստել է Վլադիմիր Գասպարյանը,-

Արարողության ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը, որը նույն պահից ուժի մեջ է մտել: