Երեկ գիշերվանից մինչ այս պահը առատ ձյուն է տեղում Լոռիի մարզի ողջ տարածքում: Մարզկենտրոն Վանաձորում գիշերվա ժամը երկուսին դուրս է հանվել առաջին մաքրող տեխնիկան: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ մինչեւ մութն ընկնելը շարունակվում է քաղաքի մաքրման աշխատանքները: «Երեկ գիշեր ժամը 2-ին սկսեցինք ճանապարհները ձնից մաքրելը, ու մինչեւ հիմա շարունակում ենք»: Բաժնի պետի վստահեցմամբ, այս պահի դրությամբ Վանաձորում չկա անանցանելի ճանապարհ: «2 հատ գրեյդեր ենք հանել, 2 հատ ջրատար մաքրող տեխնիկա, մայթերի մաքրման համար էլ փոքր տեխնիկա ենք դուրս բերել, քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցները հավասարապես մաքրվում են»: Մելիքյանի փոխանցմամբ տեխնիկայի միջոցով փողոցները մաքրվում են ձյան շերտից, որից հետո անմիջապես կատարվում է աղալցում:
Նշենք, որ մարզի Ստեփանավան քաղաքի կոմունալ տնտեսության բաժնի պետ Ռազմիկ Պապյանի փոխանցմամբ Սեփանավանում եւս ավտոճանապարհները երթեւեկելի են, մաքրման աշխատանքներն իրականացվում են վաղ առավոտից: «Փողոցներն ու մայթերը մաքրվում են հիմնականում տեխնիկայի միջոցով, սակայն կան տեղեր, որտեղ բանվորները բահերով են մաքրում»,-հավելեց բաժնի պետը:
Լոռիի ճանապարհային ոստիկանությունից մեր թղթակցին փոխանցեցին, որ ողջ օրվա ընթացքում մարզի տարածքում ավտովթարներ չեն գրանցվել, բացառությամբ Վանաձորում տեղի ունեցած մեկ վթարի:




























