ԱՊԼ-ի դիտորդները Սիրիա կվերադառնան իրենց աշխատանքը շարունակելու համար: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ըստ նրա` առաքելությանը Սիրիա վերադարձնելու մասին իրեն հեռախոսով հայտնել է ԱՊԼ-ի առաջնորդ Նաբիլ ալ Արաբին:
Պան Գի Մունը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի բանաձեւի նկատմամբ կիրառած վետոյին` այդ որոշումն անվանելով աղետալի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանը եւ Չինաստանը խոչընդոտել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը` օգտվելով վետոյի իրավունքից: Մոսկվայում եւ Պեկինում մտավախություն ունեն, որ Սիրիայում կկրկնվի այսպես կոչված լիբանանյան սցենարը, որի ժամանակ արտաքին ուժային միջամտություն է գործադրվում:
Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ելույթները: Ընդդիմությունը պահանջում է գործող նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարությանը մեղադրելով խաղաղ ցույցերի ճնշման եւ անզեն մարդկանց սպանության մեջ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` զոհերի ընդհանուր քանակը գերազանցել է 5 հազարը: Մինչդեռ իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են ոչ թե խաղաղ բնակիչները, այլ լավ զինված գրոհայինները, եւ նրանց հետ բախումների հետեւանքով զոհվել են ավելի քան 2000 զինծառայողներ եւ Սիրիայի օրինապահ մարմինների աշխատակիցներ:



























