ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ 85-ամյա Նենսի Փելոսին թոշակի է անցնում Կոնգրեսում գրեթե չորս տասնամյակ աշխատելուց հետո։ Նույնը վերաբերում է նաև նրա երկարամյա տեղակալ, 86-ամյա ներկայացուցիչ Սթենի Հոյերին և Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ՝ 83-ամյա Միչ ՄըքՔոնելին։ Սակայն ըստ NBC News-ի հարցման՝ 119-րդ Կոնգրեսում ներկայում ծառայող «Լուռ սերնդի» երկու տասնյակ անդամներից կեսից ավելին (13 հոգի) որոշել են 2026 թվականին կրկին առաջադրվել։
Ընդհանուր առմամբ, ներկայիս Կոնգրեսը ԱՄՆ պատմության մեջ երրորդն է անդամների (տարիքով) ավագությամբ. մեկ տարի առաջ այս նստաշրջանի մեկնարկի պահին Կոնգրեսի անդամների միջին տարիքը 58,9 տարեկան էր։ ԱՄՆ-ում միջին տարիքը 39,1 տարեկանն է։
Կոնգրեսի «Լուռ սերնդի» (Մեծ ճգնաժամի սկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1928-1945 թվականների միջև ծնվածների) 24 անդամների միջին տարիքը 83,8 տարեկան է։
Լրատվամիջոցն ընդգծել է, որ նրանց մեծ մասը դեմոկրատներ են։
Ամենատարեցը Չակ Գրասլին է (92 տարեկան), իսկ ամենաերիտասարդը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Սքոթը (80 տարեկան)։ Կոնգրեսի «Լուռ սերնդի» յոթ անդամներ 85 կամ ավելի տարեկան են։
Այս տարվա վերջին մասնակիցների միջին տարիքը կկազմի գրեթե 85 տարեկան։ Տասը մասնակից այդ տարիքի կամ ավելի մեծ կլինեն, իսկ երեքը 90 և ավելի տարեկան են կամ մոտենում են այդ տարիքին։





























